Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափողը համարվող թուրքական Sabah թերթի կայքը տեղեկացնում է, որ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից:
Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է՝ ապրիլի 24-ին կիրառի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
Ըստ թուրքական կայքի՝ անցած շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումը:
Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, ինչպիսին Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում էր:
Երկրորդ կետով նա Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948 թ.՝ ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Թուրքիայի մյուս մտավախությունն այն է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
Կայքի փոխանցմամբ՝ Քալընը հայտնել է, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, իրենք փորձում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, և այս ժամանակահատվածում «ցեղասպանություն» բառը կիրառելն, ըստ խոսնակի, կնշանակի սաբոտաժի ենթարկել ամբողջ գործընթացը Կովկասում: