Քրիստոնեության ամենասուրբ եկեղեցու՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի պատերին խորհրդավոր առատությամբ փորագրված խաչերը երկար ժամանակ համարվում էին գրաֆիտի՝ գրում է Reuters-ը: Չէր բացառվում, սակայն, որ դրանք կարող են լինել միջնադարյան քարտաշների աշխատանք, որոնք փորագրելու համար վճարել են ուխտավորները՝ նշվում է հետազոտության մեջ:
Քրիստոնեական աշխարհում հարգված այս եկեղեցին, որը համարվում է Հիսուսի խաչելության ու թաղման վայրը, միշտ լիքն է հավատացյալներով ու հոգևորականներով, ինչը դժվարացրել է սուրբ նշանների ուսումնասիրությունը:
2018-ին եկեղեցու մատուռներից մեկում կատարված վերանորոգումը Իսրայելի հնությունների վարչությանն ու Երուսաղեմի Հադասա ակադեմիական քոլեջին ձեռքով փորագրված հազարավոր խաչերի հետազոտությունը սկսելու հնարավորություն տվեց:
Համագործակցելով մատուռը վերահսկող հայ հոգևորականների հետ՝ գիտնականներն օգտագործել են թվային ֆոտոխցիկներ ու եռաչափ պատկերներ՝ խաչերը գծագրելու, համեմատելու և թվագրելու համար:
«Այս եզակի ֆենոմենը միշտ շփոթեցրել է մեզ, չգիտեինք՝ դա ուխտավորների գրաֆիտի՞ է, թե՞ մեկ ուրիշ բան...»,- ասել է Ամիթ Ռեեմը՝ Երուսաղեմի շրջանի հնագետը:
«Մենք տեսանք, որ բոլոր խաչերն ունեն նույն խորությունը և նույնիսկ քարտաշի ձեռագիրը»,- ասել է հնագետը՝ պայմանականորեն դրանք թվագրելով 15-րդ դարին:
«Գուցե երկու կամ երեք փորագրողի ձեռքի գործ են այս խաչերը,- ասել է Ռեեմը:- Ամեն դեպքում, դա գրաֆիտի չէ, այլ ավելի համակարգված մի բան»:
Նրա կարծիքով՝ այստեղ կա միջնորդության գործոնը: «Ասենք, որ դու հայ ուխտավոր ես ու ինչ-որ գումար ես վճարում քահանային, նաև հատուկ քարտաշին, ու նա խաչ է փորագրում քո և քո հարազատների համար... Դա հատուկ խաչ է, քանի որ դրվում է քրիստոնեության համար ամենասուրբ վայրերից մեկում»,- պարզաբանել է Ռեեմը:
Սուրբ Հարության տաճարի հայ հոգևորական, հայր Սամուել Աղոյանն այդ հետազոտությունն օգտակար է համարել եկեղեցու համար, հատկապես երբ աշխատում ես դուրս գալ COVID-19-ի պատճառով սահմանված արգելափակումներից ու պատրաստվել Զատիկին:
Հայ հոգևորականը հավատում է, որ համավարակի պատճառով այժմ ուխտավորներ չկան, բայց հոգով նրանք այդ սրբավայրում են: