Գիտության զարգացման համար Կառավարությունը հավելյալ երկու միլիարդ դրամ կհատկացնի: Նախարարի պաշտոնում Վահրամ Դումանյանն առաջին ասուլիսում հայտարարեց՝ գումարի ավելացմանը զուգահեռ արդյունք է ակնկալում:
Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար - Գիտության ոլորտից որևէ ծախս չի պակասել, դրան գումարած՝ համարեք՝ 2 միլիարդ էլ ավելացվել է Կառավարության կողմից: Սա ի հաստատումն այն շատ խոսվող, նաև շատ լուսաբանվող ցավոտ հարցին, թե ինչ վերաբերմունք մենք ունենք գիտությանը:
ԿԳՄՍ նախարարն անդրադառնալով ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին՝ ընդգծեց՝ այն բիզնես նպատակ չի հետապնդում: Դումանյանն այդ թեմայով շահարկումներն ավելորդ է համարում: Նախարարն ասում է, եթե անգամ բոլոր բուհերը վաճառվեն, այդ գումարով հնարավոր չի լինի նախատեսված քաղաքը կառուցել: Դրա համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ:
Վահրամ Դումանյան - Ես շատ կուզեմ այդ գաղափարը դառնա իրականություն՝ մեր երազած միջավայրով, որը կլինի ստեղծագործական միջավայր: Դա ամայի վայրում չի ենթադրում և չկա որևէ հստակ բան այս պահին. կա ցանկություն, կա գաղափար: Հերքում եմ ձեր այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու: Անկախ նրանից, այդ շենքը փլատակ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ, նման որոշում գոյություն չունի, առավել ևս չունի և չի ունենալու և չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառել ԵՊՀ շենքը: Պնդում եմ:
Բուհերի վերաբերյալ ապագա ծրագրերից բացի, Դումանյանը նաև օրվա խնդիրներից խոսեց:
ԵՊՀ-ն երկու տարի է ռեկտոր չունի, նախարարն ասում է՝ Բարձրագույն կրթության, գիտության մասին փոխված օրենքով, նոր կանոններով՝ նոր ռեկտոր կընտրեն: Անդրադառնում է նաև Պոլիտեխնիկի խնդրին, երբ ռեկտոր ընտրել են, բայց պաշտոնակատարն է ղեկավարում:
Վահրամ Դումանյան - Առաջիկայում բոլոր բուհերը, որոնք չունեն ռեկտորներ, կունենան:
Կորոնավիրուսի պայմաններում կրթական գործընթացը բուհերում և դպրոցներում կազմակերպելու հարցում նախարարությունը հստակ մոտեցում ունի: Համալսարաններին առկա, թե հեռավար կրթությունը կազմակերպելու հարցում ազատություն են տվել, իսկ դպրոցներում ամեն շաբաթ մոնիթորինգ են անում պարզելու՝ որքան են կորոնադեպքերը:
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար - Շուրջ երեք տասնյակ դպրոցներ ունենք, որ անցել են այս ձևաչափով կրթությանը: Հիշեցնեմ՝ դպրոցն անցնում է հեռավարի այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոսը, եթե կան դեպքեր դասարանում, ապա դասարանը կարող է անցնել ժամանակավոր հեռավար ուսուցման:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային խնդիրներին: Նախարարը վստահեցրեց՝ Արտաքին գործերի նախարարության հետ անում են հնարավորը՝ դրանց համապատասխան գնահատական տալու և Ադրբեջանին վանդալիզմի համար պատասխանատվության ենթարկելու: