Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մայրաքաղաքի պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, որն անցկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ողջունելով ներկաներին` նախարարը տեղեկացրել է, որ COVAX FACILITY նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, օրերս ներկրվել է:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բնականոն կյանքին վերադառնալու և այս հիվանդությունը հաղթահարելու միակ լուծումը պատվաստվելն է: Նախարարը հավելել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու բոլոր հնարավոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են, որպեսզի լրացուցիչ քանակներ, նաև այլ պատվաստանյութեր ներկրվեն:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է AstraZeneca պատվաստանյութի կիրառման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկները, պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ առկա գիտական տվյալները, ցուցումներն ու հակացուցումները:
Մասնագետը սպառիչ պատասխանել է թեմայի վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերին:
Ամփոփելով քննարկումը` նախարարն ընդգծել է, որ պետք է լինել զգոն, ասեկոսեներին տուրք չտալ, հիմք ընդունել բացառապես մասնագիտական կածիքները, հետևել փաստերին և նույն սկզբունքով ուղղորդել նաև բնակչությանը:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի (GACVS) 2021 թվականի մարտի 16-ի և 19-ի, Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի մարտի 18-ի հայտարարությունների համաձայն` «AstraZeneca» պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը:
Առկա տվյալները չեն ենթադրում, որ պատվաստանյութը կապված է արյան թրոմբոէմբոլիաների, խոր երակների թրոմբոզի կամ թոքային էմբոլիայի առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ: COVID-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված թրոմբոէմբոլիաների դեպքերի թիվը համահունչ է բնակչության ընդհանուր պոպուլյացիայում սպասվող դեպքերի թվին: Դրանք կարող են զարգանալ նաև COVID-19-ի հիվանդության արդյունքում:
Չնայած Եվրոպայում AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից հետո հաղորդվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգորդված շատ հազվագյուտ և եզակի հանդիպող գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքեր, սակայն հաստատված չէ, որ դրանք առաջացել են պատվաստման հետևանքով: