Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հանդիպել է մարզի մթերող ձեռնարկությունների ներկայացուցիչների և խոշոր ֆերմերների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հովիկ Աղազարյանը, Սեդրակ Թևոնյանը, Գևորգ Պապոյանը, ինչպես նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանը, մարզպետի օգնական, հողաշինության և հողօգտագործման բաժնի աշխատանքները համակարգող Յուրի Մարտիրոսյանը:
Խոշոր ֆերմերների և մթերողների հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական մթերքների (խաղող, ծիրան, կարտոֆիլ, լոլիկ և այլն) իրացման ու վերամշակման ոլորտում առկա խնդիրները, առաջարկություններ արվել դրանց լուծման իրատեսական ուղիների վերաբերյալ:
Գործարարների կողմից հնչել են բազմաթիվ հարցեր և առաջարկություններ իրենց ոլորտների զարգացման, մթերման գնի, արտադրանքի որակի, գին-որակ հարաբերակցության, ներմուծման և արտահանման հնարավորությունների ընդլայնման, նաև օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
Պատգամավորների և մարզպետարանի ներկայացուցիչների կողմից պատրաստակամություն է հնչել գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ու քայլերը՝ բարելավելու Հայաստանում գործարար միջավայրը, գործարարությամբ զբաղվելու համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծելու, ինչպես նաև օրենսդրական անհրաժեշտ նախագծեր մշակելու ուղղությամբ:
Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել առավել հաճախակի: