Քովիդը, դրան հաջորդած տնտեսական ճգնաժամն ու դրա համապատկերում տեղի ունեցող գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները հանգեցրին նրան, որ արդեն բացահայտորեն խոսվում է երկրորդ «սառը պատերազմի» մասին։
Ընդ որում, եթե, ասենք, մեկ տարի առաջ կարելի էր խոսել տարբեր ուժային բևեռների (ինչպիսիք են, ասենք, Մոսկվա-Վաշինգտոն, Պեկին-Վաշինգտոն, Թեհրան-Թել Ավիվ զույգերը) լոկալ բախումների մասին, ապա այժմ հստակ ուրվագծվում է ուժային կենտրոններից մի քանիսի միավորումը, ինչը, բնականաբար, կարող է խորացնել միջազգային քաղաքական ճգնաժամը։ Գոնե վերջին օրերին նման միության ամենավառ օրինակը տվեցին Չինաստանն ու Իրանը, որոնց ստորագրած ռազմավարական գործակցության պայմանագիրը կարող է առաջիկա 25 տարվա ընթացքում ուղղակի ոտուգլուխ շրջել այն պատկերացումները, որոնք կային, մասնավորապես, Մեծ Մերձավոր Արևելքի մասին։
Սրան զուգահեռ, հնարավոր չէ չնկատել, որ խորանում է Մոսկվա-Վաշինգտոն լարվածությունը, և, օրինակ, Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած մի քանի «անզգույշ» հայտարարությունները բնավ լեզվի սայթաքում չէին։ Իհարկե, նույնիսկ անհարմար է ԱՄՆ գործող նախագահի հայտարարությունները զուգահեռել 1946 թվականին Չերչիլի Ֆուլթոնյան ելույթի հետ՝ այն առումով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթը կոնցեպտուալ էր և նպատակ ուներ բետոնել «երկաթե վարագույրի» հիմքերը, սակայն անհնար է նաև անտեսել հանգամանքը, որ Վաշինգտոնը գիտակցաբար է սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ավելի ու ավելի գնալով դեպի «սառը պատերազմի» վերսկսում։
Այս ամենի համապատկերում բացարձակ զարմանալի չէ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքուստ մերձեցումը։
Խնդիրն այն է, որ Մոսկվան ինքն իրեն դիտարկում է որպես ինքնուրույն, առանձին ուժային կենտրոն և, ճիշտ է, ոչ մեծագույն հաճույքով, սակայն գնում է Արևմուտքի հետ առճակատման։ Արևմուտքը, որն, ի դեպ, միաբևեռ չէ, նույնպես ընդունել է այդ մարտահրավերը (կամ՝ նախաձեռնել, ով ինչպես հարմար կգտնի) և հնարավոր բոլոր առիթներն օգտագործում է Մոսկվային ավելի ցավոտ հարվածելու համար։
Այսուհանդերձ, Ռուսաստանին այս կռվում անհրաժեշտ են զորեղ դաշնակիցներ, և այդ դերում հիմա Մոսկվային աներևակայելիորեն հարմար է Անկարա-Վաշինգտոն կոշտ հակադրությունը, ինչի արդյունքում Թուրքիան ժամանակավորապես վերածվել է իր հակառակորդի հակառակորդի՝ Ռուսաստանի համախոհը (այս դեպքում շատերն օգտագործում են «դաշնակից» տերմինը, որը հիմնովին սխալ է, քանի որ թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան հասկանում են, որ գործակցում են ժամանակավորապես և խիստ որոշակի նպատակով)։ Ռուսաստանը, բնականաբար, տեղյակ է, որ այս իրավիճակը հարատև լինել չի կարող, և իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել, քանի որ Էրդողանը չի կարող ընդմիշտ մնալ Թուրքիայի ղեկին, իսկ հաջորդ ընտրություններում կարող են հաղթել քեմալիստ-հանրապետականները, որոնք առավել քան լոյալ են Արևմուտքի նկատմամբ։ Եվ այս իրավիճակում Ռուսաստանը փորձում է առավելագույն օգուտներ քաղել՝ սկսած Թուրքիայի ատոմակայան կառուցելու բազմամիլիարդանոց ծրագրից, վերջացրած Ս-400 հակաօդային կայանքների վաճառքով։
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այն, ինչպես արդեն նշվեց, բնավ միաբևեռ չէ։ Եվրոպան արդեն տարիներ շարունակ փորձում է ձերբազատվել ամերիկյան արդեն հոգնեցրած հեգեմոնիայից և վերջապես դառնալ ինքնուրույն «խաղացող»։ Վերջին մեկ տարում եվրոպացիներն արդեն մեկ անգամ հասցրին «բաժանվել» Վաշինգտոնից, երբ հրաժարվեցին միանալ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու՝ Թրամփի ծրագրին, և նույնիսկ հայտարարեցին, թե նախատեսում են Թեհրանի հետ առևտուր անելու նոր վճարային համակարգ ստեղծել, ինչը հնարավորություն կտա նվազեցնել կախվածությունը ամերիկյան Swift վճարային համակարգից, ինչպես նաև թույլ կտա խուսափել ամերիկյան պատժամիջոցներից։ Քովիդի համավարակը սառեցրեց այս ծրագիրը, սակայն, դատելով եվրոպաշտոնյաների տրամադրություններից, դա զուտ ժամանակավոր հետքայլ էր, և եթե «դանակը ոսկորին հասնի», Եվրոպան այդ քայլը կկատարի։
Ինչ վերաբերում է ռուսական ուղղությանը, ապա Եվրամիության քաղաքական ու տնտեսական լոկոմոտիվը հանդիսացող Գերմանիան և Ֆրանսիան արդեն փորձեր են անում դուրս գալ Ռուսաստանի հետ հակասությունների ճահճից՝ ֆորմալ առումով օգտագործելով համավարակի դեմ պայքարը և Քովիդի դեմ պատվաստանյութերի խնդիրը։
Սա, իհարկե, չի նշանակում, որ Մոսկվա-Բեռլին-Փարիզ հակասություններն առաջիկայում հօդս կցնդեն, սակայն կարող են դառնալ այն փոքրիկ արահետը, որը տրորելու դեպքում Ռուսաստանն ու Եվրոպան կկարողանան միմիանց «հասկանալ և ներել»։