61 տարի առաջ, հայկական հեռուստատեսության հիմնադիր ռեժիսորներից Կիմ Արզումանյանը պարզապես մասնագիտական սխրանք գործեց՝ 60 ք. մ ստուդիական տաղավարում նկարահանելով մեծարժեք «Սայաթ-Նովա» հեռուստաֆիլմը: Հեռուստատեսությունը Արզումանյանի մեծ սերերից էր, որտեղ նա ստեղծեց տասնյակ բեմադրություններ՝ շարունակելով իր հռչակավոր ուսուցիչների՝ Վավիկ Վարդանյանի, Արմեն Գուլակյանի ավանդույթները:
Մինչև հեռուստատեսությունը նա արդեն աշխատել էր Սունդուկյան, ապա նաև Պարոնյան թատրոններում՝ խաղացանկը հարստացնելով համաշխարհային և ազգային դրամատուրգիայի ամենահնչեղ գործերի բեմադրությամբ: Խորհրդային միագիծ գաղափարախոսության պայմաններում նա բեմ էր բերում ազատության իր չափաբաժինը՝ հաճախ խախտելով չգրված օրենքները:
Արզումանյանի թատերական տարերքի անբաժան մասն էր դասավանդումը, որը բարեբախտություն էր ցանկացած ուսանողի համար՝ չնայած նրա՝ հայրական սիրով լեցուն պահանջկոտության մասին գիտեին բոլորը: Արզումանյանի արվեստանոցի 100-ից ավելի շրջանավարտներ նրա թեթև ձեռքով ընդմիշտ կապվում էր թատրոնին՝ նրանից ժառանգելով արտիստական հմտությունների մեծ գաղտնիքները:
Հիմա արդեն հետադարձ հայացքով գնահատելով Վարպետից ստացած դասերը՝ ուսանողները համերաշխորեն փաստում են նրա ոսկե կանոններից մեկը՝ թատրոնը նախևառաջ բեմական խոսքն ու լեզուն է:
Նախորդ դարի 50-ականներից Կիմ Արզումանյանը սկսեց իր ստեղծագործական ճանապարհը՝ հեռուստատեսությունում և թատրոնում ձևավորելով մի գեղագիտություն, որն առ այսօր մեծ Վարպետի անվան հետ է կապվում: