Գրեթե երեք տասնյակ ամերիկյան կազմակերպություններ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կառուցողական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Հայտարարության մեջ կազմակերպություններին մտահոգում է այն փաստը, որ երկու պետությունն իրենց զինանոցում ունեն աշխարհի միջուկային զենքի ավելի քան 90 տոկոսը:
Նրանց դուր չեն եկել հատկապես ԱՄՆ նախագահի հայտարարությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ: «Որպես ամերիկացիներ՝ մենք հորդորում ենք Բայդենի վարչակազմին՝ դադարեցնել նման անխոհեմ հռետորական խոսակցությունները»,- գրել են կազմակերպությունների ներկայացուցիչները:
Փոխարենը ԱՄՆ նախագահին խորհուրդ են տվել սկսել «կառուցողական երկկողմ բանակցություններ, որոնք պետք է ուղղված լինեն միջուկային զենքի մրցավազքի ակնհայտ սպառնալիքի վերացմանը»: Բայդենին կոչ են արել նաև կատարել իր՝ նախկինում հայտարարված պարտավորությունը՝ «դիվանագիտությունը կրկին հայտնվելու է ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում»: