Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնում է РИА Новости-ն:
Ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել կորոնավիրուսի դեմ պայքարում ջանքերը համակարգելու և COVID-19-ի հետագա տարածումը կանխելու հարցերին:
«Նրանք անդրադարձել են, մասնավորապես, Sputnik V ռուսական պատվաստանյութը Եվրամիությունում գրանցելու հեռանկարներին, ինչպես նաև ԵՄ երկրներում այս դեղամիջոցի հնարավոր մատակարարումներին ու համատեղ արտադրությանը»,- հավելել է Կրեմլը:
ԵՄ տարածքում ռուսական Sputnik V պատվաստանյութի գնման ու արտադրման հարցը հանգեցրել է տարաձայնությունների Եվրոպայի ներսում: Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ՝ հիմնականում Գերմանիայից, Ավստրիայից ու Իտալիայից, կողմ են ռուսական պատվաստանյութին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, սակայն, կարծում է, որ Sputnik V-ն ավելի շուտ ռուսական քարոզչության միջոց է, ոչ թե բժշկական օգնության մեթոդ: Ներքին շուկայի հարցով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը նույնպես չի սատարել ռուսական պատվաստանյութին: Ըստ նրա՝ այսօր արդեն առաջնություն է տրվում ԵՄ-ում հաստատված դեղամիջոցներին: