Սահմանադրական դատարանը իր կայացրած որոշմամբ Հայաստանում տապալել է սահմանադրական կարգը՝ հայտարարում է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա սաֆարյանը:
Սեդա Սաֆարյան («Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ) - Այսօր այդ նորմը մեկնաբանվել է զուտ Ռոբերտ Քոչարյանի շահերից ելնելով, ինչը խիստ որոշակի նորմ է, այնքան որոշակի, որ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է այդ նորմով ապրելու և գործելու դասեր տալ:
Մոտ երկու տարի բարձր ատյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները, որոշել է, որ երկրորդ նախագահին և նրա երկու ենթականերին մեղսագրվող «Սահմանադրական կարգի տապալման» հոդվածը անվավեր է և հակասում է Սահմանադրությանը:
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի հակապետական որոշման գլխավոր պատասխանատուն իշխանությունն է, որն ընտրել է բարձր դատարանի գործող կազմի մեծ մասին:
Հովսեփ Խուրշուդյան («Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ) - Քանի որ նախկին իշխանության հետ հանցակից են, իրենք տապալել են արդարադատությունը Հայաստանում:
Բարձր ատյանի որոշումը, ամբաստանյալների պաշտպանների պնդմամբ, հիմք է, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի, գործը կարճվի։ Սեդա Սաֆարյանը ստեղծված իրավիճակը փակուղային չի համարում, ասում է՝ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի հետևանքով ընդդեմ Հայաստանի բազմաթիվ որոշումներ կկայացվեն: Բացի դրանից՝ ըստ Սաֆարյանի, հանցագործությունը առկա է, և գործը փակելու հեռանկար չկա:
Գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի ուրբաթ օրը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հույս ունի, որ այդ օրը մեղադրող կողմը լուրջ միջնորդությամբ հանդես կգա: