«Առերեսվելով համաշխարհային վախին՝ մեկ տարի անց» խորագրով՝ կորոնավիրուսի նոր մարտահրավերներին նվիրված առցանց քննարկման ընթացքում կորոնավիրուսի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ դեսպան Դևիդ Նաբարոն շեշտել է, որ զարգացած երկրները պետք է անհապաղ աջակցեն աղքատ պետություններին, հատկապես՝ աֆրիկյան երկրների կառավարություններին, պատվաստումները սկսելու հարցում:
ԱՀԿ հատուկ դեսպանի խոսքով՝ զարգացած տնտեսություններով պետությունները չեն հապաղում դիմել Աֆրիկայի օգնությանը՝ օգտագործելու այնտեղի ներուժը, երբ դա իրենց է անհրաժեշտ: Նա նաև ասել է, որ համավարակի հաստատումից մեկ տարի անց էլ դեռևս մեծ է վարակի հանդեպ վախը, որը, սակայն, բանախոսի կարծիքով, պետք է հաղթահարված լիներ: Նաբարոն ընդգծել է, որ վարակի հաղթահարման համար անհրաժեշտ է ստեղծված իրավիճակին ամբողջությամբ հարմարեցնել մարդկանց վարքը, ստեղծել փոխկապակցված և արագ արձագանքող առողջապահական համակարգեր, պատվաստանյութերը ստեղծելիս հաշվի առնել նաև վարակի մուտացիաները և մշակել ապագային ուղղված և արդար ռազմավարություն: ԱՀԿ հատուկ դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ առողջապահական միջազգային կարգավորումները չեն համապատասխանում արդի պահանջներին և չեն նպաստում, որպեսզի ԱՀԿ-ն կարողանա ըստ արժանվույն արձագանքել համաշխարհային առողջապահական խնդիրներին: Նա նաև տեղեկացրել է, որ կառույցի ղեկավարի գործունեությունը և լիազորությունները սահմանափակ են՝ արագ գործելու և արձագանքելու առումով:
Նաբարոն նաև քննադատել է հարուստ երկրներին՝ COVAX ծրագրի ամբողջական իրագործմանը խոչընդոտելու համար: «Անհնար է հաղթահարել համավարակը, եթե հարուստ երկրները վերցնեն ամբողջ պատվաստանյութը և մնացորդը թողնեն մյուս պետություններին»,- ընդգծել է ԱՀԿ պաշտոնյան: Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհի ապագան կախված է այն հարցից, թե որքանով պատվաստումները հասանելի կլինեն առաջիկա վեց ամսվա ընթացքում:
Moderna ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը շեշտել է, որ պատվաստանյութերի ստեղծման գործում կարևորը ոչ թե գնային մրցավազքն է, այլ այն, թե որքան մարդ է փրկվելու վարակից պատվաստանյութերի շնորհիվ: Նա նաև ասել է, որ պետք է կորոնավիրուսի ուսումնասիրությունը կատարել ոչ միայն դրա մասին բացահայտումներն արձանագրելու, այլև հաղթահարման ուղիները գտնելու համար: Նա նաև նշել է, որ իրենց պատվաստանյութը մշակելիս այն փորձարկել են կորոնավիրուսի բոլոր հնարավոր մուտացիաների հանդեպ:
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչ լորդ Արա Դարզին շեշտել է, որ համավարակի հաստատումից մեկ տարի անց պատվաստանյութերի մրցավազքը և ազգայնականացումը դարձել են մեծ վտանգ մարդկության համար: Նա նաև ասել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի մուտացիայի արագությունը՝ պատվաստումները պետք է իրականացվեն ամբողջ աշխարհում, այլ ոչ թե «ընտրյալ» երկրներում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ համավարակն ավելի արագ հաղթահարելու համար կառավարությունները պետք է ավելի թափանցիկ աշխատեն միմյանց, ինչպես նաև հասարակությունների հետ:
Քննարկումը կազմակերպել է Futures Studio-հիմնադրամը: