«Առերեսվելով համաշխարհային վախին՝ մեկ տարի անց» խորագրով՝ կորոնավիրուսի նոր մարտահրավերներին նվիրված առցանց քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ասել է, որ աշխարհը մեծ անորոշությունների ժամանակաշրջան է ապրում՝ կորոնավիրուսով պայմանավորված, սակայն սա պետք է ընկալենք նաև հնարավորությունների ժամանակաշրջան, երբ կարելի է սովորել, թե ինչպես պետք է վարվել և գործել նման արտակարգ իրավիճակներում: Թորոսյանը բարձր է գնահատել կարճ ժամանակահատվածում պատվաստանյութի ստեղծումը: Նա ասել է, որ չի կարծում, թե մոտ ժամանակներում մարդիկ կարող են վերադառնալ նորմալ կյանքի, բայց պետք է ամեն ինչ անել դրա համար: Ըստ Թորոսյանի՝ պատվաստումներն առաջնահերթություն են Հայաստանի համար, և Կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդ պատվաստվի:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ չնայած մի կողմից մեծ համագործակցություն կա տարբեր երկրների միջև պատվաստանյութի ստեղծման հարցում, բայց կա նաև տարբեր երկրների կղզիացում այդ հարցում: Նա նաև հույս է հայտնել, որ կորոնավիրուսի չորրորդ ալիքին ընդառաջ Հայաստանն ավելի պատրաստված կգնա՝ մեծ թվով մարդկանց պատվաստելով: Ըստ Ավանեսյանի՝ Կառավարությունը պատվաստումները համարում է վարակի հաղթահարման հիմնական միջոցներից մեկը, որը թույլ կտա մարդկանց վերադառնալ բնականոն կյանքի: Նա նաև կարևորել է պատվաստանյութերի դեմ քարոզչությանը հակազդելը՝ նշելով, որ այդ ուղղությամբ նույնպես նախատեսված է ծավալուն աշխատանք: Ավանեսյանը նաև նշել է, որ պատվաստանյութ ստանալու գործընթացը տեղի է ունենում ոչ այնքան արագ, որքան պլանավորվել էր, քանի որ Հայաստանի կառավարությունը հույս ուներ առաջին խմբաքանակը ստանալ դեռևս փետրվարին: