Հայաստանի Զինված ուժերի գեներել-մայոր, Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմական գործողությունների առանցքային դերակատարներից մեկը, «Ոսկե Արծիվ» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր: Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի վաստակն անգնահատելի է:
Արկադի Տեր-Թադևոսյանը հանգամանքների բերումով չէր, որ դարձել էր զինվորական, ինչպես հաճախ պատահում էր Արցախին պարտադրված պատերազմի ժամանակ: Նա ուներ ռազմական կրթություն՝ ավարտել էր Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան:
Երբ մեկնարկեց Արցախյան ազատագրական պայքարը՝ Տեր-Թադևոսյանն իր վրա վերցրեց կամավորականների զինվորական մարզման գործի մի զգալի մասը: 1990 թվականին գլխավորեց «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատը: Իսկ արդեն մեկ տարի հետո՝ 91 թվականի հոկտեմբերի 30-ին, Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը:
Սակայն Արկադի Տեր-Թադևոսյանի ռազմական սխրանքների գլխավոր էջը դեռ առջևում էր: 1992-ի մայիսին Շուշիից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին: Բերդաքաղաքի ազատագրումը չափազանց կարևոր էր նաև ռազմավարական առումով: Դա պետք է հիմք դառնար Լաչինի ազատագրման համար, ինչն էլ տեղի ունեցավ Շուշին վերցնելուց 10 օր անց:
Արկադի Տեր-Թադևոսյանի մշակած «Հարսանիք Լեռներում» օպերացիան համարվում է հայկական ռազմարվեստի գլուխգործոցներից մեկը: