Դեկտեմբերի 1-ից ֆիզկուլտուրայի դասերը դահլիճներից կտեղափոխվեն ձնառատ դաշտեր: Նախարարությունը պատրաստվում է իրականացնել «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը: Կփորձեն առարկան հետաքրքիր դարձնել, աշակերտներին էլ՝ ավելի սպորտային:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Շատ լավ ծրագիր է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ֆիզկուլտուրայի դասաժամը փոխելով այս կամ այն մարզաձևով, դու ավելի ես դեպի սպորտ բերում երեխաներին: Բոլորս էլ գիտենք, որ շատ հանրակրթական դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի պայմաններն այնքան էլ լավ չեն, շատ տեղերում այդ «ֆիզկուլտուրա» առարկայի ժամերն օգտագործվում են այլ առարկաների բացը լրացնելու նպատակով:
Նախաձեռնությունը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայինն է: Ընտրվել է Հայաստանի ամենաձնառատ համայնքներից ու քաղաքներից 1-ական դպրոց՝ Աշոցքից մինչև Ապարան, Ջերմուկից մինչև Վարդենիկ: Ծրագրում ընդգրկվել է 15 դպրոց, 2-ը՝ Երևանից:
Գագիկ Սարգսյան (Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար) - Բուսաբանական ձյան ծածկույթ լինի, Բուսաբանական այգում կանեն, եթե չէ, երևանամերձ տարածքներ կտանեն:
Դահուկասպորտին աշակերտները կծանոթանան շաբաթական մեկ դասաժամի շրջանակում: Փորձնական ծրագրում առաժմ կներառվեն միայն 4-րդ դասարանի աշակերտները, ընտրված դպրոցներից՝ 1-ական դասարան: Սկզբնական շրջանում դասերը դահլիճում կանցկացնեն՝ տեսական գիտելիք ձեռք բերելու համար: Հետո արդեն դասացուցակն այնպես կկազմեն, որ դասապրոցեսը չխաթարվի: Դասերից հետո կգնան նախատեսված վայր՝ մեկ դասաժամ դահուկասպորտ կսովորեն: Երևանաբնակների համար դասերը կանցկացվեն հիմնականում շաբաթ-կիրակի օրերին: Դպրոցներին դահուկներով կապահովի ֆեդերացիան, սեպտեմբերի 1-ից էլ ֆիզկուլտուրայի ուսուցիչները կվերապատրաստվեն:
Գագիկ Սարգսյան - Պատրաստվելու են ուղեցույցներ, տեսադասեր կունենանք, ցանկացած ուսուցիչ տեսադասերի միջոցով սովորելու և նաև սովորեցնելու են երեխաներին:
Այս ամենն իրականացնելու համար շատ բան պետք չէ: Միայն դահուկներ և ցանկություն: Փոխնախարարի խոսքով՝ ծրագիրը մեծ ֆինանսներ չի պահանջում:
Կարեն Գիլոյան - Հասկանալի է, որ այս ծրագրով մենք պրոֆեսիոնալ դահուկորդներ չենք ստանում, բայց հասկանալի է նաև՝ կբերենք երեխաներին դեպի դահուկասպորտ, հետո մարզիչները կընտրեն լավագույններին ու կտանեն դեպի պրոֆեսիոնալ սպորտ:
Փորձնական ծրագիրը կտևի մեկ տարի: Դրանից հետո արդյունքները կամփոփեն, կհասկանան բացթողումները: Հաջողելու դեպքում նոր դասարաններ կընդգրկեն: