Ռոբերտ Քոչարյանի ու իր նախկին երեք ենթակայի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց։ Այս անգամ դատարան չէր ներկայացել մեղադրող կողմը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմում էր գրել, խնդրել հետաձգել նիստը։ Խնդրանքը կապված է սահմանադրական դատարանի որոշման հետ, որը նախ ուրբաթ օրը բանավոր կարգով, իսկ երեկ ամբողջական տեքստով հրապարակվեց բարձր ատյանի կայքէջում։ 42 էջանոց փաստաթղթում դատարանը քննել ու եզրահանգել է՝ քրեական օրենսգրքի 300,1 հոդվածն անվավեր է, հակասում է սահմանադրությանը։
Հենց քրեական օրենսգրքի 300,1 հոդվածով են մեղադրյալի աթոռին նստել Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։ Ու հիմա, երբ կա բարձր ատյանի որոշումը, ամբաստանյալների պաշտպանները պնդում են՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, գործը կարճվի։ Հայկ Ալումյանի խոսքով՝ դեռ շաբաթ առավոտյան է Քոչարյանի պաշտպանական խումբը նման միջնորդությամբ դիմել դատարանին։
Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան - Մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հեապդնում է իրականացվում մի հոդվածով, որը գոյություն չունի:
Գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի, բայց արդեն ուրբաթ։ Նախագահող Դանիբեկյանն անհնարին համարեց հարցն առանց դատախազների քննարկելը:
ՍԴ որոշման մասին․300,1 հոդվածի սահմանադրությանը համապատասխանության հարցով բարձր ատյան էին դիմել և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Նրանց դիմումները դատարանը քննեց 2,5 տարուց ավելի և Մարտի 1-ի անջատված մասի դատաքննության փուլ մտնելու նախաշեմին հրապարակեց իր որոշումը։ Ըստ ՍԴ-ի՝ քրեական օրենսգրքի այս հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին, որոնք օրենքների համաչափության և որոշակիության սկզբունքների մասին են։ Այս համատեքստում իր իրավական դիրքորոշման մեջ բարձր ատյանը նշել է․
«Վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը։ Ըստ դատարանի՝ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները»:
Դատարանի՝ ծավալուն որոշման մասին տուժողների պաշտպան Սեդա Սաֆարյանը, նաև Մարտի 1-ի 10 զոհից 9-ի իրավահաջոդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դեռ կարծիք չեն հայտնում։ «Լուրերի» հետ զրույցում նրանք ասացին՝ առայժմ ծանոթանում են ամբողջական տեքստին, իրավական դիրքորոշումը կհրապարակեն ավելի ուշ։
Երբ 13 տարի առաջ գարնանը Երևանի կենտրոնում 10 անձ սպանվեց, քրեական օրենսգրքում դեռ չկար Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ 2008-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց՝ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են սպանության մեղավորները, բայց նշեց՝ տեղի ունեցածն արդյունք էր զանգվածային անկարգությունների, այդ գործով հիշատակեց նաև վարչապետ, իսկ 2008-ին ընդդմադիր Նիկոլ Փաշինյանին։
Օհանյանը պնդեց՝ կրակելու հրաման ինքը չի տվել, զորքն էլ ժողովրդի դեմ չի հանել։ Ու թեև մեղադրանքով նշվում է, որ Զինված ուժերը ներգրավվել է ներքաղաքական գործընթացներում՝ արտակարգ դրությունը փաստացի վերածելով ռազմական դրության, այն ժամանակվա Գլխավոր շտաբի պետն ասում է՝ բանակը կատարել է իր առջև դրած խնդիրը, պահպանել է երկրի՝ կարևոր նշանակության օբյեկտները։ «Լուրերի» հարցին, իսկ արդյո՞ք 2008-ի իշխանությունը պատասխանատվություն չի կրում կատարվածի համար, Օհանյանն այդպես էլ չպատասխանեց։