Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ՝ տեղեկացնում է մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:
Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի էջում գրել էր. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել` ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»:
Չոբանյանն ասել էր՝ նման հայտարարությունները ոչ միայն ազդում են տնտեսական բաղադրիչի վրա, այլև ունեն լուրջ անվտանգային նշանակություն, քանի որ մարզում մարդիկ ապրում են իրական վտանգի պայմաններում, և չի կարելի նրանց հաշվին պոպուլիստական հայտարարություններ անել»: