Սա Երևանի՝ Քովիդով հիվանդներին սպասարկող 11 բուժկենտրոններից մեկն է՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Քովիդ բաժանմունքն առանձնացված է: Բաժանմունքի մուտքը՝ շենքի մյուս կողմից: Հարազատներն իրենց հիվանդի մասին տեղեկություն հերթապահ բժիշկներից կարող են ստանալ: Շենքի պատին ամեն օր փակցվում են հերթապահների հեռախոսների համարները: Միայն այս մեկ Քովիդ կենտրոնում բուժում է ստանում 140 քաղաքացի, որից 40-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:
Մելանյա Շմավոնյան, վարակաբան - Շատ մեծ է բժիշկների ծանրաբեռնվածությունը, չափազանց մեծ:
Համաճարակային պիկի ժամանակ՝ ամենածանր պահին, հանրապետությունում Քովիդի դեպքերով 2800 մահճակալ է եղել զբաղված: Այս պահին հիվանդանոցային բուժում ստացողների թիվը մոտ 2300 է:
Առողջապահության նախարարությունը քննարկում է Քովիդով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդն ավելացնելու հարցը: Հոսպիտալացման իր հերթին է սպասում ևս 300 քաղաքացի:
Գևորգ Սիմոնյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ - Ինչ-որ պահից մեր ֆիզիկական հնարավորությունները ԲԿ-ների առկայության իմաստով սպառվելու են: Մենք ունենք որոշակի ռեզերվ՝ գործող կենտրոններում մահճակալային ֆոնդի ընդլայնման, այս պահին ավելի ինտենսիվ այդ ուղղությամբ ենք աշխատում: Նախնական հաշվարկներով՝ դեռևս մինչև 300-400 մահճակալ կարող ենք ավելացնել:
Հոսպիտալացված քաղաքացիներից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 228-ը, ծանր է 913-ի վիճակը, թոքային օդափոխության սարքերին է միացված 65 հոգի: Արդյո՞ք կա մտավախություն, որ առաջիկայում հնարավոր է՝ հիվանդանոցային ֆոնդը չբավարարի:
Գևորգ Սիմոնյան - Այդ մտավախությունը միշտ կա ալիքի ժամանակ, հույս ունենք, որ այդ կետին չենք գա, երբ մահճակալային ֆոնդը չի հասցնի սպասարկել:
Ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում այս պահին գործում է 20 Քովիդ կենտրոն: 11-ը Երևանում, մնացածը՝ մարզերում: Նախարարությունն այս պահին պատրաստ է բոլոր պարագաներով հագեցված ևս 300 մահճակալ ավելացնել, բայց եթե չլինի մարդկանց զգոնությունը, դա էլ չի բավականացնի:
Գևորգ Սիմոնյան - Մենք ամենակրիտիկական կետին հասել ենք պատերազմի ժամանակ, երբ մի քանի հարյուր քաղաքացի տանն էին և ՀՀ-ում այլևս ազատ մահճակալներ չէին մնացել: Հիմա, քանի որ պատերազմական վիճակում չենք, մի քիչ մեր ռեզերվներն ավելի շատ են, բայց չեմ էլ ուզում դա մեզ լրացուցիչ հանգստություն տա, դա հանցավոր հանգստություն կլինի մեր կողմից, պետք է զգոն լինենք և փորձենք տիրապետել իրավիճակը:
Փոխնախարարը հույս ունի, որ թե՛ պատվաստանյութը, թե՛ մարդկանց վարքագիծը կօգնեն կայունացնել համաճարակային իրավիճակը: Բժիշկներն էլ իրենց հերթին են կոչ անում բաց և փակ տարածքներում դիմակ կրել, հիգիենայի կանոններին հետևել: Վարակը մեր կողքին է, դեռ ոչ մի տեղ չի գնացել:
Կես դար սպիտակ խալաթ կրող մասնագետը խնդրում է, հորդորում. մի քիչ դիմացե՛ք, հավաքույթներ, կնունք-ծնունդներ հետո էլ կկազմակերպեք, կարևորը բոլորը ողջ-առողջ կարողանան դուրս գալ իրավիճակից: