Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը հիմա է, Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը. իսրայելական The Jerusalem Post-ը կանխատեսում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահն այս տարի ապրիլի 24-ին կարտասանի «Ցեղասպանություն» բառը՝ հաշվի առնելով նաև 2019-ին ընդունված դատապարտող բանաձևը: Հոդվածագիր Էմիլի Շրադերն անդրադարձել է Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը մինչև հիմա հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին քրիստոնյա հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը:
«Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ անկայուն, սակայն ռազմավարական- քաղաքական հարաբերությունների պատճառով: Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել ժողովուրդներին և սպառնացել է, անգամ եթե նրանք քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը»,- գրել է Շրադերը:
Հոդվածի հեղինակը հուշում է Իսրայելի իշխանությանը՝ հիմա այն Թուրքիայից կախում չունի, Անկարան էլ ակնհայտորեն թշնամաբար է տրամադրված Թել Ավիվի հանդեպ:
«Այսօր Իսրայելն ավելի քիչ կախվածություն ունի Թուրքիայից, հատկապես՝ արաբական պետությունների հետ զարգացող հարաբերությունների համատեքստում: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և աներկբայորեն պատմության ճիշտ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն անգամ այսօր «վաճառեց» հայ ժողովրդին՝ Ադրբեջանին զենք վաճառելով, որպեսզի այդ երկիրը ռմբակոծի հայկական քաղաքները»,- գրել է հոդվածագիրը:
Երբ Գերմանիայում հակաօրինական է Հոլոքոստի հերքումը, Թուրքիան անօրինական է դարձրել Հայոց ցեղասպանությունն ընդունելը, և ամբողջ աշխարհը հանցակից է դարձել՝ թույլ տալով վարվել այդպես: Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլև ամբողջ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է»,- եզրափակել է Շրադերը:
Ամերիկյան փորձագիտական դաշտում նույնպես այս տարի Ցեղասպանության ճանաչումը հավանական են համարում, թուրքական մամուլը հասցրել է արձագանքել. դա կբարկացնի նախագահ Էրդողանին: