Վաղը լրանում է այն ժամկետը, երբ ռուսական կողմը Հայաստանին մատակարարվող գազի գին էր ֆիքսել 1000 խմ-ի դիմաց 165 դոլարը: Մոսկվան արդյո՞ք կթանկացնի մեր բաժին գազը, եթե այո, երբվանից, դեռ անորոշ է:
Գարեգին Բաղրամյան, ՀԾԿՀ նախագահ - Կարծում եմ՝ այդ ժամկետը պետք է երկարաձգվի մինչև բանակցությունների ավարտը:
Բաղրամյանը պնդում է՝ գազի սակագինը վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ իրենց Մոսկվա գործուղման ժամանակ չի քննարկվել: Այն կճշտվի, հավանաբար, մինչև ապրիլի 10-ը:
Գարեգին Բաղրամյան - Գազի ներկրման գնի քննրկումը տեղի կուեննա առաջիկայում, երբ վարչապետի այցը կլինի:
Հանրային ծառայությունների հանձնաժողովում գազի կամ հոսանքի գնի վերանայման որևէ հայտ այս պահին չկա: էներգետիկ համակարգը, սակայն, պատրաստվում է խոշոր փոփոխության: Եվրոպայի ու ԱՄՆ-ի պես առաջիկա տարիներին մեր շուկան նույնպես կազատականացվի՝ մենաշնորհը վերանում է. ՀԷՑ-ը շուտով միակ ընկերությունը չի լինի, որ կկարողանա սպառողի տուն կամ գործարան էլեկտրաէներգիա մատակարարել: Բարեփոխումը Հայաստանի համար մշակող USAID-ի թիմի պատասխանատուն բացատրում է՝ նոր խաղացողներ կհայտնվեն՝ գնային տարբեր առաջարկներով:
Աբգար Բուդաղյան, ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ - Մատակարարները Ձեզ առաջարկում են գներ, պայմաններ և դուք ինքներդ ընտրում եք, թե ո՞րն է ավելի շահավետ:
Ընտրության տարբերակներից գուցե հոսանք մատակարարող հայտնվի, որ այժմյան գիշեր-ցերեկվա փոխարեն առաջարկի մեկ միասնական, այժմյան՝ գիշերային սակագնից բարձր, ցերեկայինից ցածր առաջարկ: Դա ձեռնտու կլինի այն բաժանորդին, ով ցերեկն է շատ էլեկտրաէներգիա օգտագործում: Սպառողն ուզենա՝ կշարունակի Հայաստանի էլեկտրական ցանցից հոսանք ստանալ Կարգավորիչ մարմնի սահմանած սակագնով, կուզենա՝ այն միանգամից կգնի ասենք ինչ-որ ՀԷԿ-ից կամ երկրում ամենաէժան էներգիա արտադրող ատոմակայանից: Գայթակղությունն այստեղ մեծ է, բայց հաշվարկներում չխճճվելու համար քննարկմանը մասնակցող ԱԷԿ-ի աշխատակիցն իր օրինակով բացատրում է. քանի որ իր ծախսը մեծ չէ, կմնա ՀԷՑ-ի սպառող:
Մեծ ծախս ունեցող բիզնես-բաժանորդները կամ նոր ձևավորվող մատակարար ընկերություններն ԱԷԿ-ից, թե այլ կայանից կկարողանան մեծածախ հոսանք գնել բորսայական առևտրի միջոցով: Նորամուծությունն, ի դեպ, թանկ հոսանք արտադրողներին պարտադրելու է ներդրում անել, որ հոսանքի ինքնարժեքն իջեցնեն: Էժան էներգիա արտադրողները, հակառակը, շահելու են, քանի որ նրանց ԿՎՏ-ների դիմաց նույնպես գնորդը վճարելու է համակարգի պիկային ռեժիմի արժեքով: Ամերիկյան փորձագետների առաջարկած մոդելով՝ ավելցուկային հոսանքը կարտահանվի:
Իսկ եթե Վրաստանի միջոցով ինչ-ինչ գնորդ փորձի ձեռք բերել հայաստանյան էժան էլեկտրաէներգիայի մեծ մասը, մեզ թողնելով թանկ հոսանքի հույսին՝ հարց հնչեց քննարկմանը: Առևտրային դիվերսիայի ռիսկ չկա՝ պնդեց ամերիկյան կազմակերպության պատվիրակը:
Ըստ ժամանակացույցի՝ տարվա վերջին արդեն, երբ ծրագրի թվային լուծումները պատրաստ կլինեն, հոսանքի որոշ ծավալ կառանձնացվի ու Հայաստանում կսկսվի էլեկտրաէներգիայի օնլայն առևտուրը: