ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառման, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեստերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ:
«Պաշտոնապես տեղեկացնում ենք՝
Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող նշվում է` ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում` համաձայն սքրինշոթի` նշված է այլ հեռախոսահամար:
Խորհուրդ ենք տալիս Ձեզ պարզել, թե նշված բաժանորդն ով է, և ով է միտումնավոր կատակել Ձեզ հետ։ Ինչպես նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։
Հարգելի Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում sms հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով՝ «Արմեդ» համակարգից, նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ առողջապահության նախարարությունը չի կարող վերահսկել նմուշ հանձնող յուրաքանչյուր քաղաքացու կողմից տրամադրված հեռախոսահամարի իսկությունը, սակայն, անգամ վրիպակի պատճառով սխալ հաղորդագրության դեպքում դրական դեպքերի թիվը չի փոփոխվում»,- ասված է ԱՆ պարզաբանման մեջ: