Մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ձեռք բերել, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրել։
Եղեգնաձորի ոստիկաններն շտապել են քաղաքի Երևանյան խճուղում գործեղ արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։ Քրեական հետախույզները դարանակալել են, իսկ երբ տղամարդը թմրամիջոցով ծխախոտի տուփը փոխանցել է երիտասարդին, երկուսին էլ բռնել։ Երիտասարդի ձեռքում ծխախոտի տուփ կար, որի միջի թմրամիջոցներով փաթեթներից երկուսն ընկել էր, իսկ մյուս մասը մնացել տուփում:
Նրա մասնակցությամբ, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 13 գրամից ավելի քաշով։ Երիտասարդը բերման է ենթարկվել բաժին։ Իրացնողը բաժին բերման էր ենթարկվել դեպքի վայրի զննությունից առաջ։ Նրա խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ են հայտնաբերվել, նաև նմանատիպ զանգվածով գլանակ ու թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված խողովակ:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկել են տղամարդու՝ Եղեգիս գյուղում գտնվող տունը։ Տարբեր հատվածներում հայտնաբերվել են և առգրավվել մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփանման բույեր ու սերմեր՝ ընդհանուր 1 կիլոգրամ 300 գրամից ավելի քաշով։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց թմրամիջոց է իրացրել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: