Խնամքով կարված, փաթեթավորված անկողնային իրերն արցախցիներն են պատրաստել հենց արցախցիների համար: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ու հյուրանոցներից մեկի տարածքում, հստակ գրաֆիկով, կարի արտադրամասերը գործում են արդեն չորս ամիս:
Արունա Դանիելյան, Հադրութի բնակիչ - Գիտենք, որ օգուտ ենք տալիս, թեկուզ մենք էլ ենք արցախցի, Արցախից դուրս եկած: Մյուսներին ինչ-որ բանով օգնում ենք, օգուտ ենք տալիս:
Արտադրամասի առաջին պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն է: Արցախցիների համար սկզբում 400, հետո արդեն Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ևս 1000 անկողնային իրեր են պատվիրել:
Հայկակ Արշամյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն - Քանի անկողնային պարագաների կարիք կար, որոշեցինք պատվիրել տեղահանված հայրենակիցներին:
Կարի արտադրամասն սկսել էր անկողնային պարագաներից, հետո արտադրանքն ընդլայնել՝ հողաթափեր ու անթև բաճկոններ էլ են կարում:
Հյուրանոցների տարածքում հիմնականում Հադրութից ու Շուշիից տեղահանվածներն են բնակվում: Մոտ 22-ի զբաղվածության հարցը լուծել է «Փրոջեքթ Հոփ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ցանկացողներին վերապատրաստել են՝ վճարովի աշխատանքով ապահովել:
Ջուլիետա Նիկողոսյան, «Փրոջեքթ Հոփ Արմենիա» ՀԿ-ի մարքեթինգի մասնագետ - Մեզ համար գերնպատակ էր, որ այս մարդիկ ունենան աշխատանք և տանիք, որ այս մարդիկ չարտագաղթեն: Նրանց սովորեցրինք կարուձև: Այնքան են վարպետացել, որ կարողանում են վերցնել կտորի հետ պատվեր, անկողնային պարագաներ, անթև բաճկոններ:
Կարի արտադրամասում աշխատել ցանկացողներ էլի կան: Եվս 13-ին հերթագրել են, որ կրկին դասընթացներ անցկացնեն ու աշխատանքով ապահովեն: Այստեղ ցանկանում են արտադրանքի տեսականին ավելացնել, կտորից բացի նաև կաշվե իրեր կարել:
Ծաղկաձորի երկու խոշոր հյուրանոցներում ապրող 400 արցախցիների համար այստեղ նաև սնունդի հարցն է լուծվել: Համահայկական հիմնադրամը բարեգործական կազմակերպության միջոցով հոգում է ծախսերը: Օրվա սնունդն էլ հերթափոխով պատրաստում են հյուրանոցում ապրող կանայք:
Ռուզաննա Պետորոսյան, Քարվաճառի բնակիչ - 150-170 հոգու համար ճաշ ենք պատրաստում:
Սրան զուգահեռ՝ համահայկականում պատրաստվում են Արցախում մեծ թափով բնակարանաշինություն սկսելուն: Առաջիկայում արդեն շինարարության համար մրցույթ կհայտարարեն: