Արցախցի Եսայանների նոր տունն է Տավուշում: Նվեր է՝ նորոգված, նոր կահույքով, կենցաղային տեխնիկայով, խոհանոցի թավայից մինչև բաժակ ամբողջական սպասքով կահավորված: Սառնարանը սնունդով է լիքը, պահարանը՝ ընտանիքին անհրաժեշտ հագուստով ու անկողնային պարագաներով՝ նկատում է տանտիրուհին:
Լուսինե Բուլղադարյան (ծրագրի շահառու) - Բացի էս, մեջն էլ ամեն ինչ ապահովված է:
Ինչ բնակարանամուտ առանց շնորհավորանքի ու կենացի: Ամենասպասված մաղթանքը խաղաղությունն է:
Մանկապարտեզի տարիքից ուսանող՝ 5 երեխա ունեցող բազմազավակ այս ընտանիքը ստիպված էր ապրելու նոր հասցե գտնել, քանի որ պատերազմն անհնար դարձրեց Քաշաթաղի Երիցվանք գյուղի իրենց տուն վերադառնալը:
Արկադի Եսայան (ծրագրի շահառու) - Ապրել ենք, էլի, մեր համար, հող ենք ունեցել, դպրոցում վարորդ եմ եղել՝ երեխեքին տանել-բերել:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի արցախցիներին սահմանամերձ Տավուշում վերաբնակեցնելու ծրագիրը ամերիկյան «Փարոս» հիմնադրամինն է: Նրա ղեկավար Պիտեր Աբաջյանն անձամբ է եկել առաջին շահառուի համար ստեղծված պայմաններին ծանոթանալու:
Պիտեր Աբաջյան (Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի տնօրեն) - Հիմա Ներքին Կարմիրաղբյուրում 5 տան վրա աշխատում ենք, 5 ընտանիք ընտրել ենք, մի քանի ամսում կտեղափոխվեն:
Վերաբնակեցման այս ծրագրով «Փարոսին» միացած ՀԿ-ներից՝ «Ֆոկուս օն չիլդրընը» 3 ամիս սնունդ է հատկացնելու, «Դասավանդիր, Հայաստանը» կհոգա երեխաների ընդհատված կրթության, «Սահմանը»՝ ընտանիքին ապրուստով, մշտական եկամտով ապահովելու հարցը:
Անահիտ Նազարյան («Սահման» ՀԿ-ի համահիմնադիր) - էս ընտանիքի համար արդեն որոշել ենք՝ էս տարածքում տրամադրելու ենք ջերմոց և ինկուբատոր ենք տալու:
Ընտանիք կա՝ անասուն է պահելու կամ այգի է մշակելու, կա, որ կար ու ձև են անելու: Օվկիանոսից այն կողմ նվիրատուների հանգանակած 700 հազար դոլարով «Փարոսը» Տավուշում կկարողանա տնով-տեղով ապահովել արցախցի 30 ընտանիքի: Ներքին Կարմիրաղբյուրում ձեռք բերած բնակարանների նորոգումն ավարտեն, կանցնեն սահմանամերձ մյուս գյուղերում տուն փնտրելուն: Ծրագրի պատասխանատուները ռիսկային չեն համարում խոսակցությունները, թե Ադրբեջանը կարող է այս կողմերում էլ խնդիր առաջացնել:
Պիտեր Աբաջյան - Մենք չտեսանք այդպես բաներ, որ անհանգստացնի մեզ: Մենք պիտի շարունակենք: Այո՛, ընտանիքներ կան, որ Արցախից եկել են Հայաստան, բայց չեն ուզում գալ Տավուշ:
5-ամյա Անգինը նորից անհոգ վազվզում է դրսերում: Տավուշն իրենք շատ են սիրել, մանավանդ որ, ծնունդով նորաշենցի է՝ ասում է ընտանիքի հայրը: Նոր տունը շատ լավն է, շնորհակալ է բոլորին, բայց մտքերով Արցախից հետ չի գալիս, ամեն ինչ կտար այնտեղ քնել-զարթնելու համար:
Արկադի Եսայան - Եթե հնարավորություն լինի, թեկուզ մի քանի ամիս հետո, թեկուզ վաղը՝ ես գնամ իմ փլատակս, ծառի տակ նստեմ: