Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիին։
Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է փոխանցել ԱՄՆ իշխանություններին՝ համավարակի պայմաններում և հատկապես պատերազմյան ու հետպատերազմյան դժվարին շրջանում դեսպանատան միջոցով Հայաստանին և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար աջակցության համար։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին և հետպատերազմյան հետևանքներին՝ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել տարածաշրջանում կայունության հաստատման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման ուղղությամբ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում Հայոց Եկեղեցու իրականացրած ծրագրերին և կրած ազդեցություններին։
Խոսվել է պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից ցուցաբերված աջակցության, ինչպես նաև զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների հոգևոր խնամքի մասին։
Վեհափառ Հայրապետի կողմից տեղեկություններ են փոխանցվել առ այսօր շարունակվող սոցիալական աջակցության ծրագրերի, զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների հետ տարվող հովվական աշխատանքի վերաբերյալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնավորապես արծարծել են գերության մեջ հայտնվածների ազատ արձակման և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցների հարցը։
Հանգամանորեն քննարկվել են գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։