Տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Ավազյանի հեռախոսազրույցն Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ:
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն առանձնացրել են գյուղատնտեսության առանձին ոլորտները և զբոսաշրջությունը. կարևորվել է այդ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը:
Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր անդորրացի գործընկերոջը համապարփակ ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: