Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվեց ծագումով հայ, ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք Հիմարի հետ» կատակերգությամբ: Կորոնավիրուսի բռնկումից և պատերազմից հետո սա առաջին ներկայացումն է, որ թատերասերներին համախմբեց մեկ հարկի տակ ու ստիպեց լիաթոք ծիծաղել:
Ժիրայր Գաբրիելյան (դերասան) - Թատրոնը էս պարագայում պատերազմից հետո ամենաակտիվ դերակատարներից մեկը պետք ա լինի: Հանդիսատեսին, մեր հասարակությանը այս ծանր վիճակից դուրս հանելու, որոշ լուծումներ տալու, որոշ հարցեր առաջադրելու ու նաև, ինչու չէ, պատասխաններ տալու համար:
Ներկայացումը բեմադրել է Սարգիս Մանուկյանը: Այն պատմում է հարուստ հրատարակչի մասին, ով ամեն շաբաթ ընկերների հետ ընթրիք է կազմակերպում իր տանը և հրավիրում մի հիմարի, որի վրա ծիծաղում ու որին ծաղրում են: Հերթական ընթրիքի «հիմարը», պարզվում է, գերազանցում է բոլորին: Դերասանական վարպետություն, հումոր, իրադարձությունների դինամիկա, զավեշտալի իրավիճակներ ու ուրախ մթնոլորտ: Մի խոսքով՝ թատրոնը կրկին ապրում է ու ստիպում կտրվել առօրյայից: Ներկայացման ընտրության հիմնական նպատակն էլ դա է՝ ստեղծված լարված իրավիճակում մարդկանց փոքր-ինչ ուրախացնել:
Սարգիս Մանուկյան (ռեժիսոր) - Վերջին իրադարձություններից հետո մտածում էի, որ ավելի պոզիտիվ, դրական էներգիայի կարիք ունենք, ուզում եմ մի քիչ ժողովրդին ուրախացնեմ, մի քիչ էս վհատված, տխուր իրավիճակից դուրս գան, ինչքան հնարավորություն կլինի, ինչքան կկարողանամ:
Հանդիսատեսին ծիծաղեցնելու գործը վստահված է Հիմարի կերպարին: Դերակատարը խոստովանում է՝ կերպարը դժվարությամբ է կերտել, քանի որ խոսքը անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների ու հասարակական ընկալումների մասին է: Ասում է՝ իր կերտած Հիմարի կերպարը շատ խելացիներից ավելի լուրջ է:
Հակոբ Դեմիրճյան (դերասան) - Ինքը շատ լուրջ մարդ ա ու ինքը չի էլ պատկերացնում, որ դիմացինը կարող ա խաբի իրան: Պարզ, ավելի շատ պարզ մարդ ա ու ինչ ասում ա, ճիշտ ա ասում ինքը, ու դա կարող ա հանրության կողմից նկատվի որպես հիմար:
Ստեղծագործական թիմը բեմադրական աշխատանքները սկսել էր դեռ 2020 թվականին, բայց հայտնի պատճառներով պրեմիերան հետաձգվում էր, այսօր արդեն ներկայացումը հանդիսատեսի դատին են հանձնում թատրոնի փակ դահլիճում: Դերասանները խոստովանում են՝ բեմը կարոտել էին: Հանդիսատեսի համար նույնպես սա սպասված պրեմիերա էր, տոմսերը սպառվել էին դեռ ներկայացումից մի քանի օր առաջ:
Գոռ Փելեշյան (թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու) - Շատ ողջունելի է, որ դեռ պրեմիերայից օրեր առաջ բոլոր տոմսերը վաճառված էին, և հանդիսատեսի ոգևորությունը ավելի շատ է, և արդեն իսկ դահլիճ լեփ-լեցուն է:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան