Սպառողին մոլորեցնող «բիո», «էկո», «օրգանական» կեղծ մակնշմամբ արտադրանքը շատացել է։ Հաճախ հավաստագիր չունեցող ընկերությունները նույնիսկ «բիո», «էկո» տերմիններն օգտագործում են որպես ապրանքանիշ։
Ֆիլիպ Աշիկյան («Էկոգլոբ» սերտիֆիկացնող կազմակերպության ղեկավար) - Բավական շատ են խախտումները, ես ինքս՝ որպես սպառող, սուպերմարկետներում ուսումնասիրում եմ նոր արտադրանքները, և անհիմն կիրառվում է թե՛ «էկո», թե՛ «բիո» և թե՛ «օրգանական» արտահայտությունները։ Կարծում եմ՝ դրանք մոդայիկ են այսօր, և այդ պատճառով տնտեսվարողները ձգտում են այդ արտահայտությունները կիրառել։
Նույնիսկ ապրանքը էկոլոգիապես մաքուրի անվան տակ ներկայացնելու՝ զավեշտի հասնող դեպքեր են գրանցվել։
Ֆիլիպ Աշիկյան - Հիշեմ BIO գրվածքը, որին արձագանքեցինք և արտադրողի հետ կապվեցինք, թե ինչո՛ւ է բիո, եթե այն սերտիֆիկացված չէ, և արտադրանքի վրա նաև պատկերված էր ինքնաթիռ, որի պատասխանը հնչեց, որ դա BIO չէ, Բե 10 է։ Այո՛, ինքնաթիռի մոդել։
Սերտիֆիկացնող մասնագետը հավաստիացնում է՝ Հայաստանում իրենք 45 ընկերության են հավաստագիր տվել, որից 20-ը գյուղմթերք վերամշակողներ են։ Եթե ընկերությունն անցել է օրգանական արտադրանքի բոլոր ընթացակարգերը, հայկական շուկայի համար պատադիր պետք է ապրանքի վրա ունենա այս մակնշումը։ Հիմնականում օրգանականի անվան տակ փորձում են վաճառել կաթնամթերք։
Տիգրան Մարկոսյան (ՏՄՊՊՀ անդամ) - Խոսքը թանի մասին է, երկրորդը կրկին կաթնամթերքի՝ թթվասերի, երրորդը, որքան էլ անհավանական է, պարարտանյութին է վերաբերել, բնական պարարտանյութերի կենսահումուսին, և այստեղ «օրգանական» բառն էր օգտագործվում, և նույնպես հավաստագիրը չկար։
Այժմ հանձնաժողովը քննում է կենդանական հալած յուղի դեպքը։ Բացի սպառողին մոլորեցնելուց, էկոլոգիապես մաքուր սնունդը կեղծողները անհավասար պայմաններ են ստեղծում բարեխիղճ արտադրողների համար։
Պատիժը խիստ է լինելու՝ ասում է հակամոնոպոլ մարմնի պատասխանատուն՝ հասարակությանը մոլորեցնողը նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով տուգանք կվճարի։ Դեռևս առաջնորդվում են նախազգուշացմամբ։