ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի արտաքին գործերի գերատեսչության կատարողականի զեկույցը:
Տարին Հայաստանի անկախությունից ի վեր ամենածանրն էր՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ մի կողմից Քովիդ-19-ը, մյուս կողմից՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիան նոր ծանր մարտահրավերներ ստեղծեցին մեր ամբողջ պետական մարմինների համար, և դրանց հետևանքների հաղթահարումը ձևավորեց գերատեսչության աշխատանքների օրակարգը:
Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հայրենադարձումը կազմակերպելու արդյունքում մեր երկրի արտաքին գերատեսչությունը Հայաստան է վերադարձրել 14 564 քաղաքացու, որոնցից 2254-ի տեղափոխումը՝ անվճար հիմունքներով: