Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նախաձեռնել են հանդիպումների շարք՝ անկախությունից հետո Հայաստանում հաստատված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների (դեսպաններ, մշակութային խորհրդականներ և այլն) հետ։
Շարունակական հանդիպումները միտված են հոբելյանական տարվան, որի համատեքստում մեկ անգամ ևս կարժևորվեն կինոարվեստի ոլորտի զարգացումները, կհստակեցվեն համագործակցության շրջանակները։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հրավերով հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Թեջաս Սանջայ Պաջարը, կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և արտաքին կապերի պատասխանատու Նաիրա Գևորգյանը։
Կողմերը քննարկել են հայ-հնդկական կինոհամագործակցության նոր ուղիներին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև տարիների ընթացքում ձևավորված դիվանագիտական հարաբերություններն իրենց արտահայտությունը կգտնեն նաև կինոարվեստում:
«Մենք գիտենք, որ այս տարի լրանում է հնդկական կինեմատոգրաֆի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, բազմաթիվ ֆիլմերի հեղինակ, օսկարակիր Սաթյաջիտ Ռայի 100-ամյակը։ Ցանկալի է այս առիթով կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ ևս մեկ անգամ արժևորելու հայ և հնդիկ ժողովուրդների կինոարվեստը»,- նշել է Շուշանիկ Միրզախանյանը և հավելել, որ համատեղ հարթակ հիմնելու նպատակով կինոկենտրոնը կարող է կապող օղակ հանդիսանալ և կամրջել երկու երկրների կինոարտադրողներին, պրոդյուսերական կինոընկերություններին, ինչն էլ կխթանի նոր փոխհամագործակցության զարգացումը։
Դեսպան Կիշան Դան Դեվալն էլ, փաստելով, որ հաջորդ տարի լրանում են Հնդկաստանի անկախության 75 և Հայաստանի ու Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակները, առաջարկել այդ երկու կարևոր հոբելյանները նշել տոնական լայնածավալ ծրագրով՝ նվիրված հնդկական և հայկական կինոյին։
Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում հստակեցնել ծրագրի գործողությունները և դրանց իրականացմանն ուղղված քայլերը։