Գյումրի համայնքը երեք հայտ է ներկայացրել սուբվենցիոն ծրագրով կառավարությունից ֆինանսավորվելու համար։ Առաջինը ավտոբուսների ու միկրոավտոբուսների ծրագիրն է։ Նախագծով առաջարկվում է 62 նոր տրանսպորտային միջոց ձեռք բերել, որից չորսը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար է։
Էլզա Գինեցյան, «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի և Գյումրի համայնքի մասնակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փորձագետ - Ծրագրի ընդհանուր արժողությունը 890 մլն 300 հազար դրամ է, համայնքի մասնաբաժինը կազմում է 50 տոկոս, մնացածը պետք է սուբսիդավորի պետությունը:
Նախագիծն իրականացվելու է հինգ ամսում, հաստատվելուց և պահանջվող մյուս ընթացակարգերից հետո ձեռք կբերվեն տրանսպորտային միջոցները, ամենաուշը հաջորդ տարվանից դրանք կշահագործվեն։ Երկրորդն արևային պանելների ծրագիրն է։ Դրանք կտեղադրվեն համայնքապատկան շենք շինությունների վրա։
Մանկապարտեզների, գրադարանի, թանգարանների, մշակութային կառույցների շենքեր են ներառված 51-ի ցանկում։
Սուբվենցիոն ծրագրով կշարունակվի փողոցաշինությունը, 8 փողոց և մեկ հրապարակի հիմնանորոգում է նախատեսված;
Գյումրիում փողոցաշինություն կիրականացվի նաև վարկային և տեղական միջոցներով։ Շիրակի մարզի գյուղական համայնքների կողմից ևս սուբվենցիոն ծրագրեր են ներկայացվել կառավարություն։ Ընդհանուր մարզով ավելի քան չորս միլիարդ դրամի։