Դավիթ Մարտիրոսյան - Որոշեցի, որ համ էլ հայերնիքիս պարտքս տամ ու մնամ հայրենիքում:
Հայրիկի հետ միակ լուսանկարն է պատերազմի դաշտից: 23-ամյա Դավիթը Ուկրաինայից որոշեց Հայաստան վերադառնալ, երբ նույնիսկ չէր ավարտել բժշկական համալսարանը: Եկավ, ծառայեց ու որպես բուժակ նաև պատերազմին մասնակցեց, հայրն էլ միացավ, հասավ որդուն: Փողոցում եթե Դավիթը ձեր կողքով անցնի, գուցե մտքներովդ չանցնի էլ, որ 44-օրյա պատերազմում 44 կյանք է փրկել:
Դավիթ Մարտիրոսյան - Գալիս, անընդհատ տեսնում էին, ծնողները շնորհակալություն էին հայտնում:
Բեկորային վնասվածք ստացան հայրն էլ, ինքն էլ: 2 վիրահատությունից հետո հիմա Դավիթը ողջ-առողջ է, մտքերը տեխնոլոգիաների ուղղությունն են բռնել: Երկամսյա դասերից հետո առաջին հաջողություններով է հպարտանում.
Սկզբում ծրագիրը ապագա զինվորներին տեխնոգիտելիքներ էր տալիս, հետո ուղարկում բանակ: Պատերազմից հետո վերապրոֆիլավորվեցին, ու հիմա Դավիթի և նրա ծառայակից ընկերների համար դասեր են կազմակերպում, որ ոլորտում կարողանան աշխատանք գտնել, նախ սովորում են ռոբոտներ ստեղծելու հիմնական գաղտնիքները:
Արմեն Մխոյան («Արմաթ» լաբորատորիաների Կոտայքի մարզային համակարգող) - Սարքավորումների հետ աշխատանքը նույն սկզբունքի հիման վրա է:
Դասերին հիմա տղաներից 3-ն են մասնակցում, եթե ռոբոտների նկատմամբ սեր ունեցողները շատ լինեն, նոր խումբ էլ կբացեն՝ միջինում 4 ամսվա դասընթացների համար:
Դասերին թիմի ավագ մասնագետները պրակտիկ գիտելիքներ կտան, հաջողելու դեպքում հնարավոր է փորձաշրջանի հնարավորություն ընկերությունում, փնտրում են ամենաէնտուզիաստներին:
Այստեղ սովորելու օնլայն դասերը կսկսվեն ապրիլի 15-ից: Վերջնական ընտրության փուլը հարցազրույցի և գուցե առաջադրանքների փուլով կլինի: Հետաքրքրվողներն արդեն շատ են, սոցիալական պատասխանատվությունն իրենց ուսերին վերցրած տեխնոհամայնքի ընկերությունները՝ ևս: Սահմանը պահած ու վիրավորված զինվորին հեռավար սովորելու ու աշխատանք գտնելու համար օգնելու մի շարք այլ դասեր արդեն սկսվել են նաև Գյումրիում, Վանաձորում: Կարելի է միանալ որտեղ համակարգիչ ու ինտերնետ կա: Մասնակիցները ստանում են Վեբ ծրագրավորողի որակավորում, որ կարողանան ձևավորել, նախագծել Վեբ կայքեր, էջեր, հավելվածներ: Գյումրիի ու Վանաձորի տեխնոկենտրոններից էլ տեղեկացնում են, ծրագիրը մարտ ամսվա համար արդեն մեկնարկել է, ընթացքի մեջ է, եթե էլի ցանկացողներ լինեն, կգրանցեն մյուս փուլերի համար:
Մեր տղաների համար օնլայն գրանցումները բաց են նաև «Մեկ Քայլ առաջ» նախագծի էջում, անգլերենի դասերից մինչև ՏՏ ծրագրերի կառավարման դասընթացների հղումները դեռ հասանելի են:
Անվճար սովորելու հնարավորություն է առաջարկում նաև Համահայկական գիտության և տեխնոլոգիաների ռազմավարական ներդրումային համայնքը: Այստեղ դասերի են հրավիրում ոչ միայն պատերազմի մասնակիցներին, այլև նույնիսկ նրանց ընտանիքի անդամներին, պատերազմից տուժածներին ու մարզերի, հատկապես, սահմանին ամենամոտն ապրող երիտասարդներին: Այս բոլոր դասերին մասնակցելու համար տեխնիկական կրթությունը ցանկալի է, բայց պարտադիր չէ, պարտադիր է՝ անգլերենը ու կոդերով կյանքը փոխելու ցանկությունը: