Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսն առաջարկել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներգրավել իշխանություն-ընդդիմություն բանակցություններում, որոնք ուղղված են երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն՝ հայտնում է ТАСС-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն, այդ գաղափարն անընդունելի է համարել: Նա բացատրել է, որ Բիձինա Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից, թողել է իր կուսակցության ղեկավարի պաշտոնը և բացահայտ հայտարարել է, որ այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ:
«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի հնարավոր ներգրավմանը, դա վիրավորական է մեր երկրի ու պետության համար, քանի որ կոչ է արվում բանակցություններում ներգրավել դատապարտված հանցագործին ու մեղադրյալին»,- ասել է վարչապետը:
Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ «Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես պահանջում է ընդդիմությունը, քանի որ 2020-ի աշնանը տեղի ունեցած քվեարկությունը ճանաչվել է օրինական»: