Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ ԼՂ հարցը լուծված է, բայց նրա գործողությունները հակառակն են ապացուցում: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ է անում, քանի որ հեռուն գնացող նպատակներ ունի: Բայց իրականությունն այդպես չէ՝ պատերազմն ավարտվել է, հակամարտությունը՝ ոչ: Այդ մասին ասում ենք ոչ միայն մենք, այլև՝ ՄԽ համանախագահները, միջազգային հանրությունը:
Որպեսզի մեր տարածաշրջանում իրապես խաղաղության և կայունության մթնոլորտ ձևավորվի, պետք է ամրագրել հակամարտության ամենակարևոր տարրը՝ ԼՂ կարգավիճակի հարցը, որը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:
Դրան հասնելը բարդ և դժվարին գործընթաց է, և դրա համար պետք է վերականգնել վստահության մթնոլորտը: Սակայն դա մեկ օրում չի ձևավորվում՝ հատկապես նման ցնցումից հետո: Անհապաղ պետք է լուծվի մեր գերիների հայրենադարձության խնդիրը, ինչը դրական քայլ կլինի հարևան երկրի կողմից: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և պատանդառության գործելաոճը խնդրահարույց է դարձել Ադրբեջանի համար»,- ընդգծեց նախարարը:
Այվազյանը հայտնեց, որ ապրիլի 1-ին մեկնում եմ Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ըստ նրա, երկկողմ շփումներ նախատեսված չեն, իսկ ՄԽ համանախագահների հետ պարբերաբար շփումներ են տեղի ունենում՝ և՛ ողջ կազմով, և՛ համանախագող երկրների նախարարների և դեսպանների մակարդակով: