Որպեսզի հունիսին երկրում արտահերթ լինի, վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ ապրիլին՝ Արմավիրի մարզ այցի ժամանակ երեկ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Ընտրության օրը քաղաքացին գնահատական կտա անցյալին, որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ, ժողովուրդն իր իշխանության տերն է՝ շեշտեց Փաշինյանը։
Արտահերթ ընտրությունը տեղի է ունենալու իշխանության կրած պարտության պատճառով, բայց ժողովուրդը պարտված չէ՝ ընդգծում է Փաշինյանը։ 44-օրյա պատերազմի արդյունքում Արմավիրի մարզն էլ զոհեր ունի: Որդի կորցրած մայրերից մեկը խնդրանքով դիմեց վարչապետին։
Համայնքային հանդիպումներն էլ մեկ րոպե լռությամբ սկսվեցին։ Վարչապետը նկատեց՝ որ արժանի լինենք պատերազմում զոհվածների հիշատակին, պետք է հզոր երկիր կառուցենք, հզոր տնտեսություն ունենանք։ Փաշինյանը մտահոգիչ վիճակագրությունից սկսեց՝ վարելահողերի գրեթե 50 տոկոսն անմշակ է, 74 տոկոսն էլ ոռոգման ջուր չունի, ու դա այն պարագայում, երբ մեր երկիրը ջրի խնդիր չունի, ջուրը կուտակելու խնդիր ունի։ Ըստ Փաշինյանի՝ ժամանակն է ռեսուրսը ճիշտ օգտագործել՝ ավանդականը փոխարինել նոր ու արդյունավետ մեթոդներով։
Գյուղատնտեսության, նաև ամբողջ տնտեսության զարգացման հեռանկարն էլ, վարչապետի խոսքով՝ նոր կոմունիկացիաների ստեղծումն է։ Լարսում ձյուն կգա, քարաթափում կլինի, ուղիղ ազդում է Հայաստանի տնտեսական շարժի վրա՝ ասում է վարչապետը, նկատում՝ հիմա ընդամենը մեկ ճանապարհի հույսին ենք։ Թե՛ Արագածում, թե՛ մյուս համայնքներում խոսելով ճանապարհների ապաշրջափակումից՝ վարչապետը շեշտեց՝ երկաթուղով մենք կապվելու ենք Ռուսաստանին, Եվրոպային, ու այստեղ շահերը փոխադարձ են։
Արցախյան երկրորդ պատերազմը փոխեց նաև անվտանգային մասշտաբները։ Վարչապետն ասաց՝ պետք է ստեղծվեն նոր բանաձևեր անվտանգային սպառնալիքներին դիմակայելու համար, հիշատակեց հայ-ռուսական համատեղ զորախումբը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք պետք է առաջիկա քննարկումներում այդ զորախումբը, որպես տարածաշրջանում անվտանգային կարևոր բաղադրիչ, ավելի ուժեղացնենք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անընդհատ պատրաստվենք նոր պատերազմների, այլ պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու և օգնելու, որ նրանք էլ մեր նկատմամբ վերաբերմունքը փոխեն:
Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը, երկրի ներսում էլ՝ զարգացման ուղին բռնելը պետք է լինի մեր նպատակը՝ ասաց Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ այստեղ կրթության ուսուցչի դերն է կարևոր։ Ցածր աշխատավարձ ստացող մանկավարժ չպետք է լինի, համակարգը փոխվում է՝ հիմք դրվում որակյալ կրթության։
Նիկոլ Փաշինյան - Այս ուսուցիչները, որոնք բարձր ատեստավորմամբ բարձր որակավորումը կհաստատեն, նրանց աշխատավարձը նոյեմբերից 50-30 տոկոսով կբարձրանա: Մեր երխաները ավելի հուսալի գիտելիք կունենան:
Քաղաքացիները հանդիպման ընթացքում նաև դատական համակարգից դժգոհեցին, պահանջեցին արդարություն հաստատել։ Փաշինյանը հայտարարեց՝ 2018-ին գերանդին առնելու՝ բոլորին հնձելու ճանապարհով չեն գնացել, քանի որ չէին ուզում նախկին իշխանության խամաճիկային դատարանը փոխարինել մեկ այլ խամաճիկային դատարանով։ Վարչապետի խոսքով՝ հետևաբար, համակարգը դանդաղ, բայց առողջանում է: