Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մայորը կաշառք է վերցրել, Ազգային անվտանհգության ծառայությունը բացահայտել է: Ոստիկանության տեսուչը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկայի օգտին ապօրինի գործողություններ է կատարել քրեական գործով անցնող անձին քրեական հետապնդումից զերծ պահելու համար:
Մարտի 22-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարաններից մեկում ոստիկանության մայորը քրեական գործով անցնող անձից պահանջել է 5.000 դոլար կաշառք: Գումարի չափը նվազեցնելու համար բանակցել են, պայմանավորվել 4000 դոլար: Քաղաքացին առաջարկել է գումարը տալ մաս-մաս՝ խոստանալով մի քանի ժամվա ընթացքում տալ 2000 դոլար, հեռացել է սրճարանից:
Գիտակցելով, որ կաշառք տալը ևս պատժելի արարք է, անձը ներկայացել է ազգային անվտանգություն, պատմել իրականությունը: Մարտի 24-ին՝ նույն սրճարանի մոտակայքում, 2000 դոլար կաշառքը երրորդ անձին փոխանցելիս ներգրավված անձանց ազգային անվտանգությունը բերման է ենթարկել:
Գումարը խուզարկությամբ հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահում: Ոստիկանության ծառայողին և նրան օժանդակողներին քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: