Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Նիստին, աշխատանքային խմբի անդամներից բացի, հրավիրված էին նաև քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել ծրագրերի իրականացման փուլում առաջացող խնդիրների շտկման շուրջ:
Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված էր տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ հարցը, որի հիմնական զեկուցող էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Զեկույցից հետո ներկաները մտքեր են փոխանակել բնակարանային ապահովման ուղղությամբ առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ:
Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է արցախցիների մասնակցությունը նիստի աշխատանքներին և նշել, որ առաջիկա նիստին ընդառաջ կմշակվի բնակարանային ապահովման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը կշրջանառվի ինչպես շահագրգիռ մարմինների, այնպես էլ նիստին հրավիրված արցախցիների շրջանում: