Մարտի 26-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կիրճում կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած տղամարդիկ թմրամիջոց ունեն։
Համայնքային ոստիկանները, իրացնելով այդ տեղեկությունները, նրանց մեքենայով հանդերձ բերման են ենթարկել Մաշտոցի բաժին։ Մինչ այդ դեպքի վայրում զննություն է կատարվել։ Հայտնաբերվել են տարբեր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ ու հաբեր։
Նրանցից 35-ամյա տղամարդը հայտնել է, որ սպիտակ փոշենման զանգվածները «կրիստալ» տեսակի թմրանյութ են։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա բռնվելուց ժամեր առաջ նաև թմրամիջոց է իրացրել։
Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: