Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահի դրությամբ որևէ բանակցություն տեղի չի ունենում՝ վստահեցնում է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Թուրքիայի հետ հնարավոր բանակցությունների մասին հարցը պատգամավորները նախարարին ուղղեցին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ մարտի 27-ին արած հայտարարության ֆոնին:
Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին՝ Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար, նշել էր՝ Երևանը Թուրքիայի հետ մոտեցումներում պետք է շտկումներ մտցնի։
Անկախությունից ի վեր Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել: Վերջինը ցյուրիխյան գործընթացն էր, որը Թուրքիան տապալեց՝ հիշեցնում է երկրի գլխավոր դիվանագետը ու հավելում՝ ցանկացած հարաբերություններում հիմնական գործոնը փոխադարձության սկզբունքն է։ Մինչև հիմա պաշտոնական Անկարան պատշաճ չի արձագանքել Երևանի քայլերին, ավելին՝ ասում է նախարարը, դարավոր ատելությունն ու հայատյացությունը հերթական անգամ դրսևորվեցին անցած տարի Արցախում:
Թուրքիան ևս պետք է շահագրգռված լինի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ըստ նախարարի՝ այդ երկիրը պետք է հրաժարվի Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականաությունից: Դա կլինի առանց նախապայմանների երկխոսության հիմքը:
Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումն է կարգավիճակի հստակեցում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա: Նախարարի կարծիքով՝ միջազգային կառույցները, տեսնելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը, հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Հակառակը, ըստ Այվազյանի, կնշանակի, Արցախն առանց հայության: Գերիների հարցին անդրադառնալով՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարում է՝ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա: Մեր երկիրը, Այվազյանի խոսքով, կատարել է իր մարդասիրական պարտավորությունը։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք Ադրբեջանին պարտավորեցնելու վերադարձնել մեր 188 գերիներին:
Նախարարը խորհրդարան էր եկել ներկայացնելու կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը: