ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա (2:0) հանդիպումից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխախաղային մամուլի ասուլիսը։
«Խաղի սկիզբը բարդ ստացվեց: Սակայն առաջին կեսի միջնամասում մենք ավելի շատ սկսեցինք տիրել գնդակին ու օգտագործել այն ազատ գոտիները, որ թողնում էր մրցակիցը: Նպատակահարմար գտա, որ Բայրամյանը խաղն սկսի պահեստայինների նստարանից:
Չեմ սիրում անհատապես գնահատել ֆուտբոլիստների խաղը, ֆուտբոլը թիմային խաղ է, ու որպեսզի այս կամ այն խաղացողը լավ խաղա, նրա թիմակիցն էլ պետք է լավ խաղա: Այնպես որ, այսօր ես կառանձնացնեի ամբողջ թիմին ու մեր երկրպագուներին, ովքեր հիանալի աջակցություն ցույց տվեցին մեզ:
Միասին մենք հասանք սրան: Այո՛, Տիգրանն ու Խորենը լավ խաղացին, բայց լավ խաղացին նաև մյուսները: Չեմ ուզում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին: Հաղթեցինք թիմային խաղի շնորհիվ»,- ասել է Կապառոսը: