Բրիտանական արտադրության AstraZeneka պատվաստանյութի 24 000 դեղաչափն արդեն Հայաստանում է: Երևանի ու մարզերի բոլոր պոլիկլինիկաներին այն կբաշխվի շաբաթվա ընթացքում: Հավանաբար եկող շաբաթ արդեն կսկսվեն պատվաստումները: Առաջնային բուժօղակներից հերթով կզանգեն ռիսկի խմբերի ներկայացուցիչներին, կհրավիրեն պատվաստման, բայց սեփական կամքին հակառակ ոչ ոք չի պատվաստվելու:
Եգոր Զայցև, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար - Սա շատ լուրջ հնարավորություն է՝ համաճարակային իրավիճակը փոխելու համար: Հաշվի առնելով պատվաստանյութերի հանդեպ մարդկանց վերաբերմունքը և իմանալով, որ շատ երկրներում վախենում են պատվաստվել, մենք պարբերաբար կտարածենք այն ամբողջ տեղեկատվությունը, որ հայտնի կդառնա գիտական հետազոտությունների արդյունքում: Եվ կարող եմ ասել, որ պատվաստանյութի տված օգուտը գերազանցում է բոլոր տեսակի ռիսկերը:
Հիշեցնենք, AstraZeneka-ն աղմուկ բարձրացրած այն պատվաստանյութն է, որի կիրառումից եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել էին՝ կողմնակի ազդեցությունների պատճառով: Հայաստանում նույնպես շատերին է կասկածելի Վրաստանում բուժքրոջ մահվան պատճառ դարձած պատվաստանյութի օգտագործման նպատակահարմարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավարը մտահոգություններին այսպես է արձագանքում:
Եգոր Զայցև - Տվյալ պահին մենք կապ չենք տեսնում պատվաստանյութից հետո քաղաքացիների մոտ առաջացած խնդիրների ու պատվաստման փաստի միջև, բայց ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:
Գայանե Սահակյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տօրենի տեղակալ - Ախտանշանային ձևերի կանխարգելման համար արդյունավետությունը գնահատվում է 76 տոկոս: Սա նշանակում է, որ պատվաստված մարդկանց մոտ չեն զարգանում ախտանշաններ, բայց պատվաստանյութը գրեթե 100 տոկոս արդյունավետ է ծանր դեպքերի և մահերի կանխման գործում:
Գերմանիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները վերսկսել են AstraZeneka-ով պատվաստումներն այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն երաշխավորել է դրա անվտանգ լինելը: Հայաստանում պատվաստվելուց առաջ քաղաքացիները հատուկ կազմված հարցաթերթիկ կլրացնեն: Եթե բժիշկը պատասխաններից որևէ մեկի դեպքում կասկածելի բան նկատի, քաղաքացին լրացուցիչ հետազոտություն կանցնի: Չեն պատվաստվի քրոնիկ հիվանդությունների սուր փուլում գտնվող, ալերգիկ ու մի շարք այլ քաղաքացիներ: Ի դեպ, ռիսկի խմբում չընդգրկված անձինք, նույնիսկ ցանկության դեպքում, այս փուլում պատվաստվելու հնարավորություն չունեն:
Գայանե Սահակյան - Մեր նպատակն այս պահին մահվան ելքերը կանխելն է, բարդություններից խուսափելն է և հոսպիտալացումների հնարավորին կրճատումը: Այդ իսկ պատճառով մենք այս պահին առաջնահերթությունը կտանք ռիսկի խմբերին:
Առաջին փուլով պատվաստվող ռիսկի 4 խմբերն են բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդներն ու տարեցների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները: Այս պահին ստացված 24 հազար դեղաչափով հնարավոր է հենց 24 հազար մարդ էլ պատվաստվի: Յուրաքանչյուր քաղաքացու անհրաժեշտ է երկու դեղաչափ, բայց քանի որ երկրորդ դեղաչափը կարող են ստանալ 8-12 շաբաթ հետո, այս փուլի ամբողջ պաշարը կօգտագործվի հնարավորինս շատ մարդու մեկական դեղաչափով պատվաստելու համար: Երկրորդ դեղաչափը կարող են ստանալ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակն ստանալուց հետո:
Գայանե Սահակյան - Առաջիկայում կրկին խմբաքանակներ ենք ունենալու: Բոլոր դեպքերում՝ մենք մինիմալ ինտերվալը 8 շաբաթ անպայման պահելու ենք:
Աշխարհում 20 մլն մարդ արդեն պատվաստվել է AstraZeneka-ով, որից 11 մլնն արտադրող երկրում՝ Բրիտանիայում: Վիրուսից պաշտպանվելու և, հատկապես, մահերը նվազեցնելու ամենաարդյունավետ ճանապարհն առայժմ, ըստ մասնագետների, պատվաստումն է, բայց ոչ ոք դեռ չի կարող պատասխանել հարցին, թե որքան է տևում այդ պաշտպանությունը. Գուցե մի ամբողջ կյանք, գուցե 6 ամիս: Պատվաստանյութի որոշ արտադրողներ նույնիսկ ժամկետներ են նշել, այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ ժամկետները հստակ սահմանելու համար դեռ ժամանակ է պետք: