Արդարադատության նախարարությունն այսօր անցկացրել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին նախնական հայտ ներկայացրած 87 անձից մասնակցել է 82 թեկնածու։
Որակավորման ստուգման մասնակիցներին ներկայացվել են թեստավորման փուլի կանոնները, որից հետո նրանց բաժանվել են քննական հարցաշարերը՝ բաղկացած 100 հարցից։ Լրացնելու համար տրվել է երկու ժամ:
Սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 82 մասնակցից 80 և ավելի միավոր ստացել և թեստավորման փուլը հաղթահարել է 23 մասնակից։