Սուրճի կապսուլա է՝ ապարատի համար, արտադրված Հայաստանում:
Սարքի մատակարարման գործարքը ոգևորել է լիզինգային ընկերության ղեկավարին: Ասում է՝ շուկան հետ է գալիս կորոնայի ու պատերազմի պարտադրած պասիվացումից, բիզնեսը նորից սկսում է հոսքագծեր-տեխնիկա պատվիրել: Այս եռամսյակն արդեն կփակեն, անցած հունվար-մարտի նկատմամբ, նախնական 60 տոկոս աճով: Ինչ մնում է 2020-ի պատկերին՝ ոլորտն ընդհանուր, 19 թվականի համեմատ, տեղից չէր էլ շարժվի, եթե կառավարության սուբսիդավորման ծրագրերը չլինեին:
Արսեն Բազիկյան (լիզինգային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն) - Մոտավոր 2.5 անգամ աճ է տեղի ունեցել այդ երկու ծրագրով պետական՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ու գյուղտեխնիկայի՝ թե՛ քանակային առումով, թե՛ գումարային:
Պետական աջակցության ծրագրով է նաև հարևան սենյակում ստորագրման նախապատրաստվող հերթական պայմանագիրը: Եթե տարբերակ կա առանց իր խնայողությունները ծախսելու, արտոնյալ լիզինգի միջոցով նոր գյուղտեխնիկա պատվիրել, ինչո՞ւ հնարավորությունը ձեռքից բաց թողնի՝ ասում է արմավիրցի ֆերմերը:
Թևան Գասպարյան (ֆերմեր) - Սա նոր տրակտոր է, շուկայում օգտագործված է լինում, 0 տոկոսով, լիզինգով վերցնում ենք:
Գյուղացուն մատակարարած տրակտորից մինչև բիզնեսին սնունդ արտադրող տեխնիկա, հիվանդանոցին բժշկական սարքավորում, գինեգործին՝ խաղողի շաքարայնությունից մինչև կեղևի հաստություն որոշող լաբորատորիա: Լիզինգով տրամադրող հայաստանյան 11 կազմակերպություն՝ անցած տարի գրեթե 11 մլրդ դրամի կապիտալ ներդրում է ֆինանսավորել: Քովիդը, իհարկե, չթողեց ամռանից ուժի մեջ մտած լիզինգային 5 նոր պրոդուկտները զարգանան, բայց... մի հարցում օգնել է. հոսքագծեր կան, որ նախկինում միայն ներկրվում էին, կոնկրետ՝ չրի դեպքում, արդեն նաև տեղում է արտադրվում՝ օրինակ է բերում Արսեն Բազիկյանը:
Արսեն Բազիկյան - Լիզինգառուները արդեն ներքին արտադրողից են սկսել ձեռք բերել՝ կոպիտ ասած, փողը երկրի ներսում է սկսվել պտտվել:
Որպեսզի լիզինգի մասին մարդիկ ավելի շատ իմանան ու օգտվեն այդ գործիքից՝ այն տրամադրողները որոշել են միավորվել ու ասոցիացիա հիմնել, միասին իրազեկման արշավներ անցկացնել: Չի հիշում՝ իրեն ով հուշեց լիզինգի մասին, երբ լուսանկարչությանը զուգահեռ որոշեց սուրճի բիզնես սկսել՝ անկեղծանում է Արթուր Լյումենը: Հոլանդական թանկարժեք այս բովարանը գնելու փող չունեին, երբ պարզեցին` ավելի ձեռնտու է այն լիզինգով պատվիրել:
Արթուր Լյումեն (սրճարանատեր) - Շատ հարմար էր էն առումով, որ սարքը վերցնում ես՝ ոչ մի գրավ չես դնում: Գիտեի, որ լիզինգով երբ մեծ արժողությամբ ապրանք ես բերում, ԱԱՀ-ից էլ ես ազատվում, 21 հազարի դեպքում մոտ 4.5 հազար պետք է հարկ տայինք:
Սարքը հասցրել են 9 անգամ միացնել՝ ներկրած կանաչ հումքից բուրումնավետ սուրճ ստանալ: Դուր է եկել ոչ միայն սրճարանի հաճախորդներին, այլև ԱՄՆ-ի ու այլ երկրների գնորդներին. արտահանել են՝ բոված-աղացած է Հայաստանում մակնշմամբ: