Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են երկու ահաբեկչի, որոնք հարձակվել են երկրի հարավ-արևմուտքում տեղակայված ռազմական օբյեկտի վրա: Այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել Խուզեստան նահանգում: Հարձակվողները կրակել են ուժայինների ուղղությամբ և փորձել մտնել ռազմական օբյեկտ: Երկու ահաբեկիչները վիրավորվել են, նրանցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ժամանակ: Հարձակվողներից առգրավվել են զենք ու զինամթերք:
Գործակալության տվյալներով՝ վնասազերծված արմատականները կապված են Իրանում արգելված «Ահվազի ազատագրման արաբական շարժում» անջատողական կազմակերպության հետ: