Արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳ նախարարի կողմից: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին տարբեր պաշտոնյաների կողմից և տարբեր աղբյուրներից հնչեցվող լուրերի վերաբերյալ հարցին:
Նախարարի խոսքով՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը միայն կարող է գիտակցել խաղաղության գինը: «Մենք չենք փնտրում թշնամիներ: ՀՀ անկախացումից մինչև օրս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Վերջին գործընթացը ցյուրիխյանն էր, որն ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից:
Ինչպես միջպետական, այնպես էլ միջանձնային հարաբերություններում կարևորը փախադարձության սկզբունքն է: Սակայն ազնիվ և առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից, ավելին՝ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն չի դադարեցվել, այլև արտահանվել է մեր տարածաշրջան:
Մենք գիտակցում ենք՝ ինչ հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և հաշտեցումը, բայց դրանք լոկ բառեր չեն: Որպեսզի իրապես խաղաղություն լինի մեր տարաշարջանում, Թուրքիան պետք է վերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը և վերացնի թշնամական գործողությունները»,- ասաց նախարարը:
Այվազյանը նշեց, որ պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկրները գտել են քաղաքական կամք և ձևավորել բարիդրացիական հարաբերություներ: Նա հույս հայտնեց, որ Թուրքիայում այդ գիտակցումը մի օր կգա:
Աբովյանի ճշտող հարցին՝ այս պահին խորհրդակցություններ կամ բանակցություններ կա՞ն Հայաստանի և Թուրքիայի միջև, Այվազյանը պատասխանեց. «ԱԳՆ-ն տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որով կարող են խորհրդակցություններ կամ բանակցություններ տեղի ունենալ պաշտոնական Անկարայի հետ»: