Գրեթե կես տարի Վրաստանի արևմուտքում՝ Ռիոնի գետի մերձակայքում, ընդդիմադիրները վրաններ են տեղակայել և շուրջօրյա հերթապահում են՝ արգելելու անկախության հռչակումից հետո երկրի պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը՝ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցումը՝ գրում է BBC-ն:
Տեղի բնակիչները և բնապահպանները վախենում են, որ նախագիծը սպառնում է բնությանը և կարող է վնասել Թվիշի յուրօրինակ տեղական գինու արտադրությանը: Իշխանությունները, սակայն, պնդում են, որ հիդրոէլեկտրակայանը կօգնի ապահովել Վրաստանի էներգետիկ անվտանգությունը:
«Նամախվանի ՀԷԿ» նախագիծը ներառում է երկու հիդրոէլեկտրակայանների կառուցում: ՀԷԿ-ի կառուցումն ու կառավարումը իրականացնելու է Enka Renewables ընկերությունը, որի 90%-ը պատկանում է թուրքական խոշոր ENKA ընկերությանը, և որը համարվում է ծրագրի գլխավոր կապալառուն ու հիմնական ներդրողը: Եվս 10%-ը պատկանում է նորվեգական Clean Energy Group ընկերությանը:
Կառավարությունը վստահեցնում է, որ նախագիծը, բացի 800 միլիոն դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներից և տեղական բնակչության համար գրեթե 2000 աշխատատեղից, կապահովի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը:
Վրաստանի էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է հենց հիդրոէլեկտրակայաններում: Երկրի էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Վրաստանն այսօր արդեն 35%-ով կախված է ջերմային էլեկտրակայանների համար էներգետիկ ռեսուրսների՝ էլեկտրաէներգիայի և գազի ներմուծումից:
Հաջորդ տասը տարիների ընթացքում Վրաստանի էներգիայի սպառումը գրեթե կկրկնապատկվի, և եթե այսօր հանրապետությունը չզարգացնի սեփական էներգետիկ ռեսուրսները, ստիպված կլինեն ներմուծել էլեկտրաէներգիայի առնվազն կեսը:
ENKA Renewables-ի գլխավոր մենեջեր Զեքի Քոջաօղլուն վստահ է, որ նախագիծը կյանքի կկոչվի՝ չնայած բողոքներին:
«Նրանք բողոքելու ժողովրդավարական իրավունք ունեն, բայց միևնույն ժամանակ պետք է հարգեն մեր իրավունքները: Կարծում եմ, որ եթե երկու կողմն էլ հարգեն միմյանց իրավունքներն ու սահմանները, մեծ խնդիրներ չեն լինի»,- զգուշացրել է թուրք գործարարը: