Թեժ մթնոլորտ, ադրենալին, կրքեր, արյուն, խառը մենամարտերը կատակ բան չեն։ Հանգստյան օրերին Երևանի «Դինամո» մարզադահլիճն ընդունեց Mix Fight K1 միջազգային 46 մրցաշարի մասնակիցներին ու հարյուրավոր երկրպագուների, ովքեր ցանկանում էին տեսնել իսկական պայքար։ Նման միջազգային մրցաշար Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ ու այս տարի մրցաշարը նվիրված էր 2020 թվականին Արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։
Երեկոյի ընթացքում մենամարտելու դուրս եկան 26 մարտիկ։ Տեղի ունեցավ 13 մենամարտ, որից 6-ն անցկացվեց MMA-ի, իսկ 7-ը՝ К1-ի կանոններով: Մրցաշարին մասնակցեցին մարտիկներ Հայաստանից, այդ թվում և Արցախից, Իսպանիայից, Վրաստանից, Մարոկկոյից, Պարսկաստանից, Բելառուսից և Ռուսաստանից: Կորոնավիրուսային համավարակը կազմակերպիչների համար ստեղծեց հավելյալ խոչընդոտներ ու խնդիրներ, որոնք, սակայն, հաջողությամբ հաղթահարվեցին։
Միջազգային մրցաշարի կազմակերպիչները վստահեցնում են, որ Հայաստանում նման մենամարտերի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն մարզիկների ու նրանց մարզիչների կողմից, այլև հանդիսատեսի, ովքեր մեծ ակտիվություն են դրսևորում։ Յուրաքանչյուր հաջորդ միջոցառում ավելի լավ է անցնում, որն էլ պատճառ է դառնում մտածելու ապագայում ավելի խոշորները կազմակերպելու ուղղությամբ։