ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում 2020 թվականի Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ պատերազմից հետո որդեգրած քաղաքականությանն ու մոտեցումներին:
«Այդ մոտեցումները ենթադրում են՝
-
Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա.
-
Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում.
-
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա.
-
տեղահանված բնակչության անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր.
-
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ հայկական կողմի համար առաջնահերթությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրավիճակի հասցեագրումը միջազգային գործընկերների, մասնավորապեա՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ:
Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար օգնության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի է, և ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ:
«Անհապաղ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ, անվտանգ հայրենադարձությունը»,- նշեց նախարարը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ դիվանագիտության գերակայության շարքում է, Հայաստանը շարունակելու է հանդես գալ որպես ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխման պայքարի առաջամարտիկ: