Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման նախագիծը հաստատվել է՝ գրում է ermenihaber-ը։
Նոր ջրանցքի երթուղին պետք է անցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ և միմյանց կապի Սև ու Մարմարա ծովերը։
Ակնկալվում է, որ Ստամբուլի ջրանցքի նախագծի իրագործումը կավարտվի 2023 թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տարում: Անկարան վստահեցնում է, որ այդ ճանապարհով կթեթևանա Բոսֆորի ծանրաբեռնվածությունը, կնվազեցվի Բոսֆորով վտանգավոր բեռներ (նավթ) տեղափոխող նավերի վթարների հավանականությունը։
Մի շարք երկրներ, սակայն, մտավախություն ունեն, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո Թուրքիան կբարձրացնի Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։
Նոր ջրանցքի կառուցմանը դեմ է նաև Թուրքիայի ընդդիմությունը՝ համոզված, որ դա բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա և նույնիսկ կմեծացնի երկրաշարժերի ռիսկը Ստամբուլի շրջանում: