Բնակչության ազատ և անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգի ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կառուցվածքում գործող Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը: Ստուգվում են բոլոր մեքենաները և վարորդների անձը հաստատող փաստաթղթերը:
Պատերազմից հետո Շոշ համայնքը դարձել է սահմանամերձ: Բնակիչները վերադարձել են այն համոզմունքով, որ Արցախի ոստիկանները գիշեր-ցերեկ հսկում են գյուղի ելումուտը:
Ծառայության որակի բարձրացման համար Շոշի ոստիկանական բաժանմունքում համարյա ամեն օր ոստիկանության շրջանային բաժնի պետ փոխգնդապետ Արման Սարուխանյանը հրահանգավորում է ծառայություն իրականացնող ոստիկաններին:
Շոշի բաժանմունքը շուտով նոր հասցե ու պայմաններ կունենա: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Շահագործումից հետո այստեղ կլինեն հարմարավետ պայմաններ՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար: