-Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ քաղաքական ու հասարակական 158 գործիչ հայտարարություն տարածեց՝ պահանջելով պաշտոնական Փարիզից քայլեր ձեռնարկել ՄԽ համանախագահության աշխատանքն ակտիվացնելու ու Ադրբեջանում պահվող հայ գերիներին տուն վերադարձնելու համար:
-Բաց նամակի հեղինակները մտադիր են Ֆրանսիայի սենատում Ադրբեջանին քննադատող բանաձև ընդունել, եթե դա էլ չօգնի, պահանջել, որպեսզի Փարիզը Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի:
-Հայ գերիների վերադարձի ֆրանսիական ջանքերի մասին Փարիզից պատմում է Նարե Թադևոսյանը:
2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից չորս ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը: Ֆրանսիացի մտավորականներն արձանագրել են, որ այդպիսով Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները:
Անն-Լորանս Պետել. (Բուշ-դյու-Ռոնի շրջանի պատգամավոր). «Ինձ համար Ադրբեջանը օրենքից դուրս մի երկիր է: Մինսկի հանձնախումբը կարող է և պետք է կատարի իր դերը, այն կարող է Ադրբեջանի վրա ճնշումներ անել, որպեսզի ազատ արձակվեն ռազմագերիները, սա անելու համար հարկավոր է քաղաքական կամք: Պետք է, որ նախագահ Բայդենը, նախագահ Պուտինը ևս ջանք չխնայեն, որպեսզի ռազմագերիների վերադարձ տեղի ունենա: Նախագահ Մակրոնը ռազմագերիների վերադարձի թեմայով շատ մտահոգ է և, դրա կողմնակիցն է, շատ է ցանկանում Հայաստանին օգնել նաև տնտեսապես: Մեզ համար պարզ է, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ Արցախի բնակչությունը վերադառնա իր հայրենիք, դրա համար նրանք գործադրում են վախի տարածում՝ ռազմագերիներին վնասելով, կամ սպանելով, որպեսզի մարդիկ դա տեսնեն և այլևս չվերադառնան Արցախ»:
Մտավորականները և քաղաքական գործիչները հիշեցրել են, որ Ադրբեջանի զինվորականները պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են իրականացրել հայերի նկատմամբ՝ սպանելով ու խոշտանգելով ինչպես հայ զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց, խեղելով նրանց դիակները: Գործիչները շեշտել են, որ Ադրբեջանը ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վարկանշային վատագույն ցուցանիշներն ունի աշխարհում: Այդ ցուցանիշներ հաստատել են այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Freedom House-ը, Human Right Watch-ը և «Լրագրողներ առանց սահմանների»-ն:
Ֆրանսուա Պուպոնի. (Վալ դը Ուազի շրջանի պատգամավոր). «Ես իմ երկու գործընկերների հետ մոտ օրերս պետք է Ազգային ժողովում առաջարկեմ ընդունել մի բանաձև, որը կպահանջի վերադարձնել գերիներին, որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը կարողանա միջամտել: Եթե դա ևս արձագանք չստանա Ադրբեջանից, ապա Ֆրանսիան պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Մինսկի հանձնախումբը չկարողացավ կանխարգելել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, հիմա էլ չի կարողանում լուծել ռազմագերիների վերադարձի խնդիրը: Ալիևյան քաղաքականություն այլ կերպ, քան ատելության ցուցաբերում հայ ազգի նկատմամբ, չի կարելի մեկնաբանել: Ալիևը խոստացել է « հայերին վռնդել շների պես»։ Եվ նա դա ասել է ռազմական ագրեսիայի, ռմբակոծությունների և հանցանքների 44 օրերից հետո»:
Հաշվարկների համաձայն՝ նավթային բռնապետության բանտերում պահվում է մոտ երկու հարյուր հայ գերի։ Փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ նա այդ մարդկանց համարում է «ահաբեկիչներ»՝ հաշվի առնելով, որ նրանց ձերբակալումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո։ Կոչի հեղինակները հակադարձում են՝ զինվորներն այդ օրը գտնվում էին թակարդում՝ Հադրութի «գրպանում», որը հակամարտության հիմնական ճակատներից մեկն էր և հրադադարի ստորագրման պահին շրջափակված, սակայն թուրք-ադրբեջանա-ջիհադիստական ուժերի կողմից դեռևս չգրավված քաղաք էր։
Դանիել Կազարյան. (Ռոնի շրջանի պատգամավոր). «Մեզ անհայտ է, թե որքան ռազմագերի է գտնվում Ադրբեջանում, չգիտենք, ինչ պայմաններում են նրանք գտնվում, կա՞ն նրանց մեջ վիրավորներ, թե ոչ: Դա, իհարկե, սարսափելի փաստ է։ Human Rights Watch միջազգային հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ Ադրբեջանը կիրառել է անմարդկային վերաբերմունք, իրականացրել է ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական անձանց սպանություններ: Մինսկի խումբը պետք է գործի, որպեսզի ռազմագերիները վերադառնան։ Բաքվի վրա պետք է ճնշումներ կիրառեն, ես դեռևս պատերազմի օրերին եմ եղել Արցախում: Պետք է կրկին հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում ևս Ադրբեջանը խախտել է բոլոր օրենքները՝ օգտագործելով արգելված զինատեսակներ և սպիտակ ֆոսֆոր»:
Հոդվածի հեղինակները նշում են, որ պետք է հարգել հրադադարի մարդասիրական դրույթները: Նրանք համոզված են՝ դա կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: